կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-06 11:31
Քաղաքական

Եռանախագահների դելիկատ ակնարկները ուղղված են Ադրբեջանին. Է. Նալբանդյան

Եռանախագահների դելիկատ ակնարկները ուղղված են Ադրբեջանին. Է. Նալբանդյան

ՀՀ արտգործնախարար Էդվար Նալբանդյանը Բազելում պատասխանել է լրատվամիջոցների հարցերին« հայտնում է ԱԳՆ-ն: Ամփոփելով ղարաբաղյան հիմնախնդրի մասով աշխատանքները նախարարական խորհրդում, նա ասել է.

 

« Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմանները այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին` եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով` ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից:

 

Ի՞նչ է ասվում այդ հայտարարության մեջ։ Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծում են, որ այլընտրանք չկա բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնահարցի լուծմանը: Ու՞մ է դա ուղղված. պարզ է, թե ում։ Հայաստանը նախագահի մակարդակով, տարբեր այլ մակարդակներով բազմիցս նշել է, որ, պետք է գնալ հիմնախնդրի լուծման բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով:

 

Իրենց հայտարարության մեջ եռանախագահները հատկապես ընդգծում են, և դուք գիտեք, որ այս տարի 1994թ. մայիսին կնքված հրադադարի համաձայնագրի 20-րդ տարեդարձն է, որ պետք է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկվեն: Ու՞մ է դա ուղղված: Հայաստանը և Ղարաբաղը մշտապես կողմ են արտահայտվել, որ պետք է հարգվի 1994թ.-ի համաձայնությունը, ինչպես նաև 1995թ.-ի փետրվարի հրադադարի ամրապնդման եռակողմ համաձայնագիրը, որը Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էր ստորագրված։ Ադրբեջանն է, որ միշտ խախտում է, չի հարգում դրանք:
Սա ևս մեկ առիթ էր եռանախագահների համար` ընդգծելու դրա կարևորությունը, որովհետև այս տարվա ընթացքում, ցավոք, Ադրբեջանի կողմից բավականին լայնածավալ ռազմական գործողություններ էին անցկացվում թե շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, սադրանքներ էին իրականացվում, որոնք բերեցին բազմաթիվ մարդկային զոհերի և իրավիճակի լուրջ սրմանը։

 

Այդ մասին են խոսում եռանախագահները՝ հիշատակելով հատկապես հուլիս-օգօստոս ամիսների գործողությունները, որոնք ծավալվել էին ադրբեջանցիների կողմից։

 

Նրանք հղում են կատարում Աստրախանում ձեռքբերված պայմանավորվածություններին և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ ամրագրված է, որ մարդասիրական նկատառումներից ելնելով պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցաբար անհապաղ փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել մահացած անձանց դիակները:

 

 

Առաջին. Ադրբեջանը այս հարցի շուրջ հրաժարվեց համագործակցել թե համանախագահների, թե Կարմիր խաչի հետ՝ առաջ քաշելով ինչ-ինչ նախապայմաններ։ Երկրորդ. ի՞նչ մարդասիրության մասին կարելի է խոսել, երբ Ադրբեջանը, ուղղաթիռի խոցումից հետո, որը եռանախագահները ողբերգական են անվանում, տասն օրվա ընթացքում ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի անկման վայրը՝ թույլ չտալով, որ փրկարար խմբերը, ԵԱՀԿ, Կարմիր խաչի ներկայացուցիչները, մոտենան և տարհանեն զոհված երեք երիտասարդների դիակները: Պարզ է, որ մարդասիրության որևէ նշույլ այստեղ չկա։
Եռանախագահները շատ դիվանագիտական, ես կասեի՝ չափազանց դելիկատ լեզվով են խոսում. ասում են, որ կարելի էր խուսափել այդ ողբերգությունից, այսինքն իրենք ուզում են ասել, որ պետք չէր դա անել, որ դա սխալ էր։

 

Դուք գիտեք, որ նախորդ հայտարարությունից հետո Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց եռանախագահների դեմ։ Չնայած նրանց կողմից նորից բավականին դիվանագիտական լեզվով էր ասվում, գնահատականն էր տրվում ուղղաթիռի խոցմանը։
Երեկվա հայտարարության մեջ եռանախագահները կոչ են անում կողմերին, նորից միջնորդների լեզվով են խոսում, բայց պարզ է, որ դա Ադրբեջանին է ուղղված, քանզի պարզ է՝ հենց Բաքուն է զինադադար խախտողը։ Պարզ է, նաև, որ եթե Ադրբեջանը մշտապես մերժում է եռանախագահների առաջարկը` ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ուստի դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա»,- ասել է Նալբանդյանը: