կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-19 22:10
Առանց Կատեգորիա

Դեպի կրճատումներ...

Դեպի կրճատումներ...

Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցել է, որ բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվում է 107-ով, իսկ ՊՈԱԿ-ներում, բաժնետիրական ընկերություններում, հիմնարկներում` ընդհանուր առմամբ, 690 ավտոմեքենա: Ուշագրավ է, որ սա ծառայողական ավտոմեքենաների կրճատման միայն առաջին փուլն է։

Այս ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ իրականացնելու հանձնարարականը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվել էր կառավարության նախորդ նիստի ժամանակ՝ հանդես գալով ապրիլյան պատերազմից հետո առաջացած նոր մարտահրավերներին ընդառաջ` կառավարման համակարգում արմատական փոփոխություններ սկսելու մասին հայտարարությամբ։

Վարչապետը նաև հանձնարարել էր ուսումնասիրել պետական համակարգում հնարավոր կրճատումների հարցը։ Այս ուղղությամբ ևս, կոնկրետ աշխատանքներ են սկսվել։ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր տեղեկացրել է, որ պետական կառավարման ապարատի կրճատման հարցի ուսումնասիրության նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կառավարման ապարատի օպտիմալացման իրավիճակային վերլուծություն կատարելուց հետո հանդես կգա կոնկրետ առաջարկություններով։

Այն, որ թե՛ ծախսային և թե՛ մարդկային ռեսուրսների առումով պետական կառավարման համակարգում ակնհայտ ուռճացվածություն կա, նորություն չէ։ Օրինակ` ծառայողական ավտոմեքենաների աներևակայելի առատության մասին հանրությունը բարձրաձայնել էր դեռ նախորդ տարեվերջին՝ այս տարվա բյուջեի քննարկումների ժամանակ։ Կադրային ռեսուրսների առումով առկա բալաստի մասին խոսվում էր նախորդ վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում, երբ գործարկվեց, այսպես կոչված, գիլյոտինի գործընթացը։ Դրա նպատակն էր ուսումնասիրել պետական հատվածում մատուցվող ծառայությունների ամբողջ ոլորտը և օպտիմալացումն իրականացնել կրկնվող գործառույթների և դրանց իրականացման համար իջեցված հաստիքների կրճատման հիման վրա։ Սակայն լուրջ փոփոխություններ, այս իմաստով, տեղի չունեցան։

Ըստ ՀՀ ՔԾԽ պաշտոնական կայքում հրապարակված՝ քաղաքացիական ծառայողների թվաքանակի վերաբերյալ վիճակագրական տվյալների` զուտ քաղծառայության հաստիքների մասով էական կրճատում արձանագրվել է 2011 թվականին։ Դրանից հետո քաղաքացիական ծառայողների թիվը մնացել է գրեթե անփոփոխ՝ տատանվելով 6526-ից 6786-ի միջակայքում։ Ընդ որում՝ 2015-ին, նախորդ տարվա համեմատ,  նույնիսկ նկատվել է քաղաքացիական ծառայողների թվի փոքրիկ աճ։ Իհարկե, ընդհանրական հանրային ծառայության համակարգում քաղաքացիական ծառայողների թիվը մեծ չէ։ Սակայն այս համակարգում արձանագրվող շարժը լակմուսի թղթի նման արտացոլում է ոլորտում տեղի ունեցող տենդենցները։

Սակայն որքան էլ ակնհայտ է ծախսային և կադրային կրճատումների անհրաժեշտությունը, պետք է ընդունել, որ այն չի կարող լինել նպատակ։ Խնդիրն իրականում ոչ թե կրճատումներն են, այլ հանրային կառավարման արդյունավետության բարձրացումը, որի համատեքստում ինչ-որ պահի, ինչ-որ ենթաոլորտում կարող է օպտիմալ լինել որոշակի կրճատումների իրականացումը, որոշ դեպքերում և որոշ ենթաոլորտներում՝ ռեսուրսների ավելացումը։ Այսինքն` իրական խնդիրը ռեսուրսների ճիշտ և նպատակային բաշխման մեջ է։ Կառավարման արդյունավետության համատեքստում կրճատումներն ընդամենը կիրառելի գործիքներից մեկն են։

Կարեւոր է, որ նախքան նման կտրուկ, ներհամակարգային ցնցումների լուրջ պոտենցիալ ունեցող քայլին գնալը, նախ անհրաժեշտ է հստակեցնել, թե որո՞նք են կրճատումներ իրականացնելու կոնկրետ նպատակները, և ամենակարևորը՝ ի՞նչ սկզբունքով է այն իրականացվելու, կրելու է համատարա՞ծ բնույթ, թե՞ ոլորտային, իրականացվելու է փաթեթո՞վ, թե՞ փուլերով։ Այս հստակեցումներն անհրաժեշտ են նախևառաջ գործընթացի կանխատեսելիությունը որոշակիորեն ապահովելու համար։ Առանց դրա` կառավարման համակարգում կարող է իսկական խուճապային իրավիճակ ստեղծվել, որովհետև աշխատողները` լինեն հանրային ծառայողներ, թե` սպասարկող անձնակազմի ներկայացուցիչներ, ամեն օր, ամեն վայրկյան սպասելու են իրենց գերատեսչություններում, հիմնարկներում իրականացվելիք կրճատումների արդյունքներին՝ հասկանալու համար՝ ընկե՞լ են այդ «գիլյոտինի» տակ, թե՞ ոչ։ Սա ոչ միայն լրջորեն կարող է նվազեցնել ծառայողների մոտիվացիան, այլև հանգեցնել  պետական մեքենայի բնականոն գործունեության խափանման։ Դրան նպաստում է ծառայողների, մեղմ ասած, անվստահությունը գործընթացի իրականացման արդարության, օբյեկտիվության և թափանցիկության նկատմամբ։ Փորձը ցույց է տվել, որ նախկինում կրճատումները շատ դեպքերում տեղի են ունեցել ոչ թե, այսպես կոչված, «ավելցուկը» հեռացնելու սկզբունքով, այլ` յուրային լինել-չլինելու կամ հովանավորչության։ Արդյունքում` համակարգը զրկվել է պրոֆեսիոնալ, կարող ուժերից, իսկ որակական առումով մինչ այդ եղած բալաստը շարունակել է մնալ։ Հետևաբար, առաջին հերթին խնդիրը հենց օբյեկտիվորեն այդ բալաստն ի հայտ բերելն է՝ նախապես դրանց կոնկրետ տեղերը մատնացույց անելով։

Արդեն իսկ նշմարվում է, որ ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խումբը շեշտը դնելու է ոչ թե «գիլյոտինային» մոտեցման վրա՝ որոշելով, թե որ հիմնարկից կամ գերատեսչությունից ինչքան հաստիք պետք է կրճատվի, այլ նրա, թե որտե՞ղ կա կրճատումների օբյեկտիվ անհրաժեշտություն և որտե՞ղ՝ կադրային դեֆիցիտ՝ այնտեղ անհրաժեշտ համալրումները կատարելու, ռեսուրսներ հատկացնելու նպատակով։ Այսինքն` ելակետը լինելու է այն, թե որքա՞ն և ինչպիսի՞ մարդկային, կադրային  ռեսուրսներն են բավարար` տվյալ գերատեսչության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Միայն այս մոտեցումն է, որի շնորհիվ կունենանք իսկապես դինամիկ, պրոֆեսիոնալ և ժամանակակից մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ կառավարման համակարգ։ 

Գևորգ Աղաբաբյան