կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-04 16:51
Հասարակություն

Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը․ Հրանտ Բագրատյան

Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երկրի վերջը (շարունակություն)․ Ի՞նչ է միջանցքը և ի՞նչ է տարանցիկ ճանապարհը։ Միջանցքը կամ (հիպոթեթիկորեն) ճանապարհի վարձակալությունը (լիզինգը) անպայմանորեն ենթադրում է տվյալ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սահմանափակում։ Մեծ հաշվով դա ինքիշխանության օտարում է (երրորդ կողմին) սահմանափակ կամ անսահմանափակ ժամկետայնությամբ։ Տնտեսագիտորեն ասած, միջանցքի պարագայում, սյուզերենը (տարածքի տերը - պետությունը) կորցնում է տվյալ տարածքը լիարժեքորեն տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքը։ Տարանցիկ ճանապարհի (տրանզիտի) դեպքում ինքնիշխանության օտարման խնդիր չի առաջանում։ Տրանզիտից օգտվողը որպես կանոն վճարում է սյուզերենին ճանապարհից օգտվելու համար։ Տրանզիտի պարագայում անխուսափելի է սահմանային անցակետերի, այդ թվում մաքսային ծառայությունների առկայությունը։

Հայաստանում Ադրբեջանի համար միջանցք/ճանապարհ ունենալչունենալու խնդիրը ծագեց 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած Արցախի կարգավորման հարցով համաձայնագրի 9-րդ կետով։ Այդ համաձայնագրի առաջին 8 կետերը կարգավորումներ էին Արցախի շուրջը։ 9-րդ կետը Ադրբեջանի արևելյան և արևմտյան (Նախիջևան) շրջանների միջև Հայաստանով (ենթադրաբար Սյունիքով) անցնող «անխափան» ճանապարհի մասին է։ Ադրբեջանն ու Թուրքիան դա մեկնաբանում էին իբրև միջանցք։ Նկատի ունենանք, որ Փաշինյանն իր ստորագրությունը դրել էր այս տարօրինակ փաստաթղթի տակ։ Այնուհետև, սկսվեցին զանազան մեկնաբանություններ «անխափան» ճանապարհի մասով։

Ռուսական կողմից այս հարցերով զբաղվող փոխվարչապետ Ա.Օվերչուկը 2021- 2022թթ 3 անգամ հայտարարեց, որ ճանապարհը, որտեղ բեռների ու մարդկանց անցումը հսկվելու է անվտանգության ռուսական ուժերի կողմից, գործելու է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջության շրջանակներում։ Ասել կուզի սահմանային ու մաքսային հսկողություններն իրականացվելու են հայկական ուժերի կողմից։ Արդարության համար նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ու նրա խոսնակ Մ.Զախարովան ավելի բարդ բացատրություններ էին տալիս։ Այսպես, 2022-ին, պատասխանելով ադրբեջանական թղթակցուհու հարցին առ այն, թե ե՞րբ է հայկական կողմը բացելու «խոստացած» միջանցքը, Զախարովան, փոխանակ լրագրողուհուն սաստի, երկչոտ մեղայականով հայտարարեց, թե «միջանցք» տերմինը մենք չենք օգտագործում (տո եղե՞լ է, որ օգտագործեք կամ չօգտագործեք)։ Անշուշտ, այս «միջադեպից» հետո հայկական իշխանությունները ջանք չէին խնայում հակառուսական ելույթների մասով։ Վրա հասավ 2022-ի սեպտեմբերը։ Հայկական սահմանները եռում էին ադրբեջանական զինված ագրեսիայից։ Հայաստան եկավ Ն.Փելոսին։ 

ԱՄՆ և ՌԴ ջանքերով (այդպես հայտարարվեց) սեպտեմբերի 3-րդ տասնօրյակին ագրեսիան կանգ առավ։ Գուցե ադրբեջանական բանակը կանգ առավ Արցախը Ադրբեջան ճանաչելու Փաշինյանի խոստման դիմ՞աց։ Արդեն հոկտեմբերի 7-ին Պրագայում Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադչրբեջանի կազմում։ Դրանից 8 շաբաթ հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը։ Մեկ տարի անց ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախը հայաթափվեց։

Շարունակելի