կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-04 12:56
Տնտեսական

Կառավարությունը նպատակադրում է ԿԲ կողմից գնաճի կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ

Կառավարությունը նպատակադրում է ԿԲ կողմից գնաճի կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ

 

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է կառավարության եզրակացությունը ԿԲ 2016թ դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ:

Ըստ այդմ, ՀՀ կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքա­կա­նու­թյան ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականներն ընդ­հանուր առմամբ համահունչ են ՀՀ Կառավարության մակրոտնտեսական ծրագ­րե­րով նախատեսվող ուղղություններին: Այդուհանդերձ, կցանկանայինք անդրա­դառ­նալ Ծրագրի առանձին հատվածներում ներկայացված որոշ գնահատականների և դրան­ցից բխող դրամավարկային քաղաքականությամբ նախանշվող ուղղություննե­րին` դիտարկելով վերջինս հարկաբյուջետային քաղաքականության հետ կոոր­դի­նաց­ման և մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման շրջանակներում:

«2.2 Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ» բաժնի «Հա­մա­խառն առաջարկ» ենթաբաժնում նշված է «Կանխատեսվող հորիզոնում ներքին պա­հան­ջարկի աստիճանաբար վերականգնման և զբոսաշրջության սպասվող աճի պայ­ման­ներում ակնկալվում է ծառայությունների աճի արագացում և կայունացում 2.5-3.5% միջակայքում:» (էջ 12): Այս առումով գտնում ենք, որ զբոսաշրջության աճով պայ­մանավորված ծառայությունների աճի արագացման կանխատեսումը հավակնոտ է և անհրաժեշտ է նշել, թե ինչով է պայմանավորված զբոսաշրջության սպասվող աճը, քանի որ 2015 թվականին (անգամ ցեղասպանության 100-ամյակի հետ կապ­ված) 2014 թվականի նկատմամբ զբոսաշրջիկների թիվը նվազել է 1%-ով, իսկ զբոսաշրջային գործակալությունների գործունեության մասով մատուցված ծառայությունները նվազել են 21%-ով: 

«Համախառն առաջարկ» ենթաբաժնում ներկայացված է. «Գյուղատնտեսու­թյան ճյուղում ավելացված արժեքի կանխատեսումները նախորդ կանխատեսում­նե­րի համեմատ ճշգրտվել են փոքր-ինչ աճի ուղղությամբ: Վերանայման համար հիմք են ծառայել չորրորդ եռամսյակում անասնապահության սպասվածի համեմատ ավելի բարձր աճը, ինչպես նաև ոլորտում նկատվող արտահանման ներուժի ավելացումը: Արդ­յունքում, ճյուղի ավելացված արժեքի իրական աճը 2016 թվականին կկազմի 4.2-5.0%:» (էջ 12): Նշված հատվածի կապակցությամբ կարծում ենք, որ գյուղատնտե­սու­թյան աճի կանխատեսումները փոքր-ինչ գերագնահատված են: Այսպես. 2015 թվա­կա­նին աշնանացանի աճը կազմել է 1.3%, իսկ անասնաբուծության աճը, որի վրա դրվում է հիմնական շեշտը, 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2.0%, ինչը նշանակում է, որ էքստենսիվ գործոնի հաշվին գյուղատնտեսության աճը՝ նշված 4-5% կազմելու փոքր հավանականություն ունի, իսկ ինտենսիվ գործոնի ազ­դե­ցու­թյամբ գյուղատնտեսության աճ կանխատեսելը նախորդ տարվա բարձր բազայի և ըն­թացիկ տարում որոշ բնակլիմայական անբարենպաստ զարգացումների պայ­ման­ներում՝  իրատեսական չէ:

«Համախառն պահանջարկ» ենթաբաժնում ներկայացված է, որ ցածր ներքին պա­հանջարկը կնպաստի տնտեսությունում խնայողությունների և ներդրումների միջև բացասական ճեղքվածքի կրճատմանը, իսկ այդ գործընթացն էլ ազատ լո­ղա­ցող փոխարժեքի պայմաններում բարձրացնում է ՀՀ տնտեսության արտահանելի հատ­վածի մրցունակությունը (էջ 14), իսկ «1. Համառոտագիր» բաժնում ներկա­յաց­վում է, որ ցածր գնաճը կնպաստի արտաքին մրցունակության վերականգնմանը (էջ 7): Նշվածների կապակցությամբ նշենք, որ ինչպես ցույց են տալիս 2015 թվականի և 2016 թվականի առաջին եռամսյակի զարգացումները, ցածր գնաճը նպաստել է մրցու­նակության վերականգնմանը, բայց ամբողջությամբ չի չեզոքացրել գործընկեր երկրների շարունակվող արժեզրկումը ՀՀ դրամի նկատմամբ, որի մասին է վկայում նաև  իրական արդյունավետ փոխարժեքի արժևորումը:

«1. Համառոտագիր» բաժնում ՀՀ ԿԲ-ն կարևորում է դրամավարկային պայ­ման­ների աստիճանական թուլացումը: Այսինքն` պահպանվող ցածր գնաճային միջա­վայրում և էական գնաճային ռիսկերի բացակայության պարագայում ՀՀ ԿԲ-ն ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների առավել մեծ չափով թուլացումից` այն պայմանավորելով միայն համեմատաբար բարձր գնաճային սպասումներով (էջ 7): Այստեղ պետք է նկատել, որ առաջացել են նաև գնաճի ծրագրված ցուցանիշից նվազման ուղղությամբ շեղման նոր ռիսկեր, մասնավորապես, գազի գնի հնարավոր նվազումը և ԿԲ-ն իր ապագա գործողություններում պետք է հաշվի առնի վերոնշյալ հանգամանքները:

Ելնելով վերոշարադրյալից` կարող ենք արձանագրել, որ ՀՀ ԿԲ 2016 թվա­կա­նի դրամավարկային քաղաքականության ծրագրում նկարագրված իրական հատ­վածի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների զարգացումներն ունեն որո­շակի հավակնոտություն, իսկ ցածր գնաճի նպատակադրման միջոցով ներ­կա­յաց­վում է, որ մի կողմից` հնարավոր կլինի նվազեցնել գնաճային սպասումները, իսկ մյուս կողմից` կբարձրանա երկրի արտաքին մրցունակությունը, իրեն հաջորդող դրա­կան հետևանքներով:  Այսինքն` ՀՀ ԿԲ 2016 թվականի դրամավարկային քաղա­քա­կանության ծրագրի հիմնական ուղղությունը հանգում է 2016 թվականի համար ցածր գնաճ խարսխելով գնաճային սպասումները նվազեցնելուն:     

Ամփոփելով նշենք, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտե­սա­կան արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կար­ճա­ժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդուն­ված գնաճի եկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ, ինչը երկա­րա­ժամ­կետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները և կնպաստի ներդրումների ու բարեկեցության աճին: Այս կապակցությամբ գտնում ենք, որ ՀՀ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության ծրագրերում պետք է շարունակի հե­տա­մուտ լինել գների կայունության ապահովմանը և նկարագրի  դրամավարկային պայ­ման­ների այնպիսի գործիքներ, քայլեր և հաճախականություն, որոնք ուղղված կլի­նեն թե՛ կարճաժամկետ, և թե՛ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակից շեղ­ման ռիսկերի չեզոքացմանը: