կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-25 11:33
Տնտեսական

Գնաճի ու փոխարժեքի տատանումների հետ կապված` կայուն վիճակ է. Վաչե Գաբրիելյան

Գնաճի ու փոխարժեքի տատանումների հետ կապված` կայուն վիճակ է. Վաչե Գաբրիելյան

Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ` իր գլխավորությամբ, որը պետք է ուսումնասիրեր ֆինանսական շուկայում ստեղծված խնդիրները: «Կցանկանայի լսել Վաչե Գաբրիելյանին, ով կներկայացնի այդ աշխատանքների ընթացքը»,- ասաց վարչապետը:

 

Վաչե Գաբրիելյանը նշեց, որ աշխատանքային խումբն աշխատել է ամեն օր, ուսումնասիրել են փոխարժեքի տատանումները: «Ուզում եմ զեկուցել, որ փոխարժեքը կայունացել է: Այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունը կազմում է 3 -5 դրամ, որը համարվում է չափի մեջ»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է խանութներին, նա նշեց, որ շուրջ 94 խանութ դեկտեմբերի 16-17-ի դրությամբ փակ են եղել, չեն գործել, քանի որ սպասումներ ունեին: Այժմ այդ խանութները սկսել են նորից գործել: Գործող խանութներում եղել են դեպքեր, երբ ապրանքների վրա գները նշված չեն եղել, այժմ արդեն նշված են գները:

 

ՏՄՊՊՀ-ն նույնպես դիտարկումներ է անցկացրել մի շարք խոշոր խանութներում: «Մամուլում նշվեց, թե այդ դիտարկումների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, ուստի շարունակվել են դիտարկումները, և ամսի 16-ի պիկից հետո այդ խանութներում կա կայունացում, նաև կայունացման միտում կա գազի և այլ ոլորտներում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

 

Նա նշեց նաև, որ ԿԲ-ն կներկայացնի հայեցակարգ փոխանակման կետերի կարգավորումների վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս փոքր դառնան, իսկ ՏՄՊՊՀ-ն կներկայացնի գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումներ: «Այժմ կարող եմ փաստել, որ, թե' գնային, թե' փոխարժեքի տատանումների հետ կապված, մենք ունենք կայուն իրավիճակ»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

 

Վարչապետն էլ նշեց, որ աշխատանքային խումբը պետք է աշխատի կարգավորումների կարճաժամկետ ու երկարաժամկետ ծագրերի ուղղությամբ, որի արդյունքները պետք է ներկայացվեն հանրությանը: