կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 11:28
Տնտեսական

80 տոկոս, թե 100 տոկոս` ի՞նչ տարբերություն

80 տոկոս, թե 100 տոկոս` ի՞նչ տարբերություն

Այն, որ «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը 80%-ից կարող է հասնել 100%-ի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դրանում որեւէ վատ բան չի տեսնում:

 

«Ոչինչ չի փոխում դա, 80 տոկոս է, թե 100 տոկոս` տարբերությունը ո՞րն է»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց Այվազյանը եւ զարմանք հայտնեց, թե ինչու է այդ կապակցությամբ աղմուկ բարձրացել ԶԼՄ-ներում:

 

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ գործարքի կայացումը որեւէ բացասական հետեւանք ունենալ չի կարող: Նա նշեց, որ ընկերության սեփականության իրավունքը դեռ չի ենթադրում, որ վերջինս կարող է կատարել այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասանի ՀՀ Սահմանադրությանը:

 

Այն, որ, 20 տոկոսը «Գազպրոմ»-ին տալով, ոչինչ չենք կորցնում, Այվազյանը վստահ է: Մյուս կողմից, սակայն, նրա համար անհասկանալի է, թե ինչու է ռուսական կողմն ուզում այդ 20 տոկոսն էլ: Հարց է նաեւ, թե ինչի՞ դիմաց ենք մենք տալիս այդ 20 տոկոսը` գումարի՞, թե՞ մեկ այլ բանի:

 

«80 տոկոսի դեպքում էլ են տիրապետող, 100 տոկոսի դեպքում էլ: Բաժնետիրական ընկերության մասին օրենքը հստակ ասում է` եթե դու անգամ ունես 2/3-ից պակաս ձայն, դու, բացի խորհրդում մասնակցելու իրավունքից, ուրիշ ոչ մի բանի իրավունք չունես»,- նշեց Այվազյանը:

 

Թե ինչի՞ դիմաց ենք վաճառում այդ 20 տոկոսը, ՀՀԿ-ական պատգամավորը հստակ չգիտի: Կարող է ենթադրել, որ կառավարությունը գումարը վերցնի եւ փոխհատուցի սոցիալապես անապահով ընտանիքների դոտիացիայի հարցը, սուբսիդավորի, կարող է պայմանավորվածություն էլ լինի, որ 20 տոկոսի դիմաց ռուսական կողմը սուբսիդավորի:

 

Այվազյանը վստահեցրեց նաեւ, որ անգամ 100 տոկոսանոց բաժնետեր դառնալու դեպքում «Գազպրոմը» ցանկացած գին թելադրել չի կարող: