Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային արժույթի արժեզրկման, գնողունակության, տնտեսական ակտիվության ցուցանիշների անկման պայմաններում գնաճային երևույթների ենք ականատես լինելու, ինչը վտանգավոր է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով առաջին անհրաժեշտության ապրանքների գներն արդեն իսկ 10 և ավել տոկոսով բարձրացել են, ինչի շարունակվելու դեպքում ունենալու ենք սոցիալական լարվածության և խնդիրների խորացում։
Փորձագետը նշեց, որ գնաճի առաջին պատճառն ազգային արժույթի արժեզրկումն է, իսկ երկրորդ պատճառը՝ տնտեսական ցուցանիշի անկումը, ինչն իր հերթին հանգեցրել է պետական բյուջեի եկամուտների թերհավաքմանը և արտահանման կրճատմանը․ «Գնաճի մյուս կարևոր գործոնն այն է, որ կորոնավիրուսով պայմանավորված Հայաստան ներկրվող որոշ ապրանքատեսակներ համաշխարհային շուկաներում թանկացել են։ Փոքր շուկան և մենաշնորհային բարձր աստիճանն այս գործոններին կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտ հաղորդել և էլ ավելի խորացնել գնաճային երևույթները»,-ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով Արցախի հանձնված տարածքներին և տնտեսության վրա դրանց ազդեցությանը՝ Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ տարբեր գնահատականներով այդ տարածքներում աճեցված հացահատիկը բավարարում էր մեր երկրի շուրջ 25 տոկոս պահանջարկը՝ շուկայում ձևավորելով ցորենի, հացահատիկի առաջարկ․ «Ակնհայտորեն եթե չկա այդ առաջարկը և դրան էլ գումարենք Արցախի 40-50 հազար բնակչության ալյուրի և ցորենի պահանջարկը, չենք կարողանա բավարարել այն և պետք կլինի ներկրել, իսկ ներկրման գներն էապես տարբերվելու են։ Հետևաբար տարբեր գնահատումներով ականատես կլինենք ալյուրի և ցորենի մինչև 15-20 տոկոս գնաճի»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով, որ խնդիրը միան ալյուրն ու ցորենը չեն։ Թշնամուն են հանձնվել հազարավոր քառակուսի կիլոմետր գյուղատնտեսական տարածքներ, որտեղ աճեցվել են ամենատարբեր գյուղատնտեսական մթերքներ, որոնք նաև վերամշակվել են, դարձել գինի, կոնյակ, արտահանվել են և ստեղծել ավելացված արժեք, աշխատատեղեր և հարկեր։
«Այս ամենի բացասական հետևանքը միայն գնաճը չի լինելու։ Լինելու է նաև Արցախի պետական բյուջե վճարվող եկամուտների, ինչպես նաև մարդկանց կայուն եկամուտների անկում»,-նշեց Թադևոս Ավետիսյանը։
Հարցին՝ արդյոք գործում են գնաճը զսպող մեխանիզմներ, Թադևոս Ավետիսյանը նկատեց՝ եթե արդյունավետ կառավարում լիներ, նման երևույթներ չէին լինի։ Տնտեսագետի կարծիքով պետական կառավարման համակարգը գտնվում է տոտալ պարալիզացված վիճակում և չի կատարում իր նվազագույն գործառույթները։ Թադևոս Ավետիսյանի խոսքով գնաճը բազմագործոն երևույթ է և գնաճի դեմ պայքարւմ չպետք է հույսներս դնենք միայն ՏՄՊՊՀ-ի վրա․ «Մեր երկրում գնաճն ունի բոլորովին առարկայական հիմքեր, հետևաբար պատժող մարմինը որևէ կերպ չի կարող։ Գնաճը զսպելու համար որոշակի վարչական մեթոդներ կիրառելը կբերի պարենային անվտանգության հարցի։ Կունենանք դատարկված խանութներ, ապրանքային դեֆիցիտ, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների։ Կոշտ, կոպիտ կամ վարչական միջամտություններով պատերին ծեփելով և ասֆալտներին փռելով չեն կարող պայքարել գնաճի դեմ, որովհետև օբյեկտիվ հիմքեր կան։ Պետք է չեզոքացվեն և մեղմվեն այն գործոնները, որոնք ազդում են գնաճի վրա, որպեսզի դադարեցվի առաջին անհրաժեշտության ապրանքների ինտենսիվ գնաճը»,-ասաց տնտեսագետը։