Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Հաճնում ադամանդագործությամբ զբաղվող «Դայմոթեք» ՓԲԸ-ն 50-ից ավելի մասնագետների կարիք ունի, ընկերությունում միջին աշխատավարձը կազմում է 200.000 դրամ: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրեց «Դայմոթեք» ընկերության ղեկավար Է. Հովհաննիսյանը: Նա այսօր նախարարին ներկայացրեց ընկերության հնարավորությունները:
«Հայաստանում վերամշակված ադամանդը ոչ միայն մրցունակ է, այլև արտաքին շուկայում լուրջ պահանջարկ է վայելում, սակայն մենք ոչ միայն վերամշակման մասին պետք է մտածենք, այլև վերապատրաստումներ անցկացնենք և Հայաստանում ադամանդի մեծածախ իրացման հարթակ ստեղծենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկայումս շատ քիչ երկրներ կան, որոնք ադամանդի որակյալ վերամշակում են իրականացնում: «Հայերն ադամանդ մշակելու յուրահատուկ հատկություն ունեն, և մեր խնդիրն է վերականգնել նախկինում ոլորտում ունեցած դիրքերը, ինչի համար պետք է մի քանի կոնկրոտ ուղղություններով քայլեր ձեռնարկել»,- ասաց նախարարը` որպես գերակա ուղղություն նշելով մասնագիտական կազմը համալրելը, արդյունավետ արտարժութային քաղաքականություն վարելը, ինչպես նաև հարթակ տեղծնելը, որպեսզի Հայաստանն ադամանդագործության ոլորտում ճանաչում ստանա ոչ միայն վերամշակման, այլև իրացման տեսանկյունից:
Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է Նոր Հաճնում կրկին զարգացնել արհեստական թանկարժեք քարերի, մասնավորապես` սապֆիրի արտադրությունը, նախարարը պատասխանեց: «Իհարկե, հնարավորություններ կան, վստահ եմ, որ այդ ուղղությամբ առաջիկայում կոնկրետ ծրագրային առաջարկներով հանդես կգանք, որպեսզի արհեստական քարերի արտադրությունը նույնպես նորմալ հիմքերի վրա դնենք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ոլորտի ենթակառուցվածքները վերանայելու անհրաժեշտություն կա:
Հարցին, թե ի՞նչ արտոնություններ կարող ենք ակնկալել ԵՏՄ անդամ պետություններից, մասնավորապես` Ռուսաստանից ադամանդի հումք ներկրելու հետ կապված, Մինասյանը պատասխանեց. «Կարևոր արտոնությունն այն է, որ այդ գործընթացն առանց լրացուցիչ վարչարարական խոչընդոտների չհանդիպի, ինչի մասով այսօր հստակ պատկեր չկա»: Նախարարը հույս հայտնեց, որ ադամանդագործության և ոսկերչության ոլորտում այս տարի նվազագույնը 30 տոկոս աճ կունենանք:
«Մերիդիան» ազատ տնտեսական գոտի և Նորք Հաճնի առաջատար ադամանդագործական ընկերություններ այցի ավարտին Արծվիկ Մինասյանը հանդիպում ունեցավ ադամանդագործության ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկեց ոլորտին վերաբերող խնդիրները, լսեց գործարարների առաջարկները:
Նշենք, որ, համաձայն ԱՎԾ տվյալների, 2015թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9 ընկերություն, որոնք համադրելի գներով թողարկել են 14.2 մլրդ դրամի արտադրանք: Ոլորտում զբաղված էր մոտ 400 աշխատող: Մինչդեռ 2000-ականներին հանրապետությունում գործել է ադամանդի մշակման մինչև 25 ընկերություն, իսկ աշխատողների թիվը կազմել է շուրջ 4000: