կարևոր
5242 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-27 14:12
Հասարակություն

Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել

Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել

Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել, գրում է «Հետքը»:

2024 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով։

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, տարեսկզբին ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 462 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն երկու ամսվա համեմատ 28.9%-ով աճել է։

«Հետք»-ը գրում է. «Արդյունաբերության այս բարձր աճի  տեմպը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից։ Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, որոշ ամիսների նաև անկում է գրանցվել։ Ընդ որում, «տխուր» վիճակում էր ինչպես հանքարդյունաբերությունը, այնպես էլ՝ մշակող արդյունաբերությունը։

Սակայն, 2023-ի նոյեմբերից արդյունաբերության ոլորտը սկսեց կտրուկ աճ գրանցել։

Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ արդյունաբերության այդ աճը մեծապես պայմանավորված է ոսկերչության ոլորտով։ Նոյեմբերին Վիճակագրական կոմիտեն սկսեց ոսկերչական արտադրանքի աննախադեպ ծավալներ ցույց տալ։

2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։

2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։

Արդեն 2024-ի հունվարին ոսկերչության ոլորտի արտադրանքը կազմել է մոտ 47 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11.3 անգամ։

Թեև փետրվարի բացվածքը դեռևս չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտի աճը շարունակել է ապահովել ոսկերչության ոլորտը։

Այսինքն՝ ոսկերչության ոլորտի այս վիճակագրությունն էական դեր ունի Հայաստանի ամբողջ արդյունաբերության, ինչպես նաև՝ տնտեսական աճի վրա։

Սակայն, այս կտրուկ աճը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ քաշում` հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի ոչ մեծ աշխատուժն և արտադրական հզորությունները։

«Հետք»-ի հետաքննությամբ պարզվել է, որ ոսկերչական արտադրանքի ոլորտի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է  ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբին, ինչպես նաև՝  ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Վերջինիս ընտանիքը Ռուսաստանում է ոսկերչությամբ զբաղվել։

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի արմատները տանում են օֆշոր»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։