կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 15:46
Տնտեսական

Լուրջ նախադրյալներ կան ադամանդագործության և դեղագործության բնագավառների զարգացման համար

Լուրջ նախադրյալներ կան ադամանդագործության և դեղագործության բնագավառների զարգացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, համաձայն որոնց` էկոնոմիկայի նախարարությունը շուտով հանձնվելու է ՀՅԴ-ին: «Ես նման տեղեկություններ չունեմ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով իր և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարաբերություններին` Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ իրենց հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն վարչապետի և նախարարի միջև, այսինքն՝ դրական։

Հարցին, թե հնարավո՞ր է` հայկական շուկա մուտք գործել պատրաստվող «Արմենիա» ավիաընկերությունը մոտ ապագայում դառնա Հայաստանի ազգային ավիափոխադրողը, նա պատասխանեց, որ ընկերությունից նման առաջարկով իրենց չեն դիմել, ինչպես նաև ինքն ինֆորմացիա չունի ընկերության բաժնետերերի մասին:

Նախարարն անդրադարձավ նաև ՓՄՁ-ների գործունեությանը` նշելով, որ կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավորինս քիչ ՓՄՁ-ներ փակվեն:

«Ամեն դեպքում` Հայաստանում բացված ընկերությունների թվաքանակը գերազանցում է փակված ընկերությունների թվաքանակը: Այս առումով` բավական լուրջ նախադրյալներ կան հատկապես ադամանդագործության և դեղագործության բնագավառների զարգացման համար»,- ասաց նախարարը։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ բանան ներկրող ընկերությունը չարաշահում է իր դիրքերը, նախարարը պատասխանեց, որ նման դեպքերում այդպիսի ընկերությունների նկատմամբ պետք է կիրառվեն օրենքով սահմանված մեխանիզմներ: