կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-22 15:38
Հասարակություն

Ադամանդագործության արտահանման ոլորտում աճ է գրանցվել. Կարեն Ճշմարիտյան

Ադամանդագործության արտահանման ոլորտում աճ է գրանցվել. Կարեն Ճշմարիտյան

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ադամանդագործության արտահանման ոլորտում աճ է գրանցվել: «Բացի ադամանդագործության արտահանման ոլորտից, լուրջ աճ է ապահովում նաև Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը: Առանձին-առանձին վերցրած` ոլորտի ակտիվացումներ են եղել, որոնք կոմպենսացնում են այն պակասը, որն առկա է: Բացի այդ` պետք է նշեմ , որ ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները դեռևս ամբողջական չեն»,- ասաց նախարարը:

 

Ըստ նրա` այս պայմաններում, երբ մոլիբդենի գինը հասել է 17 հազար դոլարի`  մեկ տոննայի համար, իսկ պղնձինը` մոտ 5700-ի, ծավալների ավելացման շնորհիվ հնարավոր է դարձել դաշտում առկա բացը լրացնել: Ճշմարիտյանի հավաստմամբ` Չինաստանի շուկա արտահանման միջոցով այդ բացը կոմպենսացվում է: Նա նաև նշեց, որ  մեր ցուցանիշներն ավելի լավանալու միտում ունեն:

 

Էկոնոմիկայի նախարարը փաստեց նաև, որ առաջին եռամսյակը մեր երկրի համար շատ ծանր էր մի քանի առումով: «Նախ` դեկտեմբերին մենք ունեցանք դրամի փոխարժեքի տատանումներ, որոշակի սպասումային տրամադրություններ կային հունվարին` կապված ԵՏՄ-ին անդամակցելու հետ, այնուհետև Ռուսաստանի շուկայի անկումը տեղի ունեցավ: Այդ անկումները մարսելու կամ այլ ուղղություններով շարժվելու համար մեր ընկերություններին ժամանակ էր պետք»,- ասաց նա:  

 

Նախարարն ընդգծեց այն հանգամանքը, որ պետք է կարևորել ոչ թե շուկայում առկա գների բարձրացումն ու իջեցումը, այլ ավելի շատ դրանց կայուն մնալը: «Բոլոր տեսակի տատանումներ էլ տեսանք, ինչպես նաև տեսանք, որ դրանք կարճ տևեցին: Մենք հույս ունենք, որ ամենածանր եռամսյակից հետո մեր հնարավորություններն ավելի կմեծանան»,- ասաց նա:

 

Ճշմարիտյանը տեղեկացրեց նաեւ, որ որոշ ապրանքների գծով դեպի ռուսական շուկա արտահանման անկում կա: