Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել էր լրագրողների հետ: Yerkir.am-ի հարցին, թե մինչև 2025 թվականը, երբ համընդհանուր ներառման պետք է անցնենք, կունենա՞նք ցանկալի արդյունք, քանի որ մի քանի տասնյակ դպրոցներում, որտեղ իրականացվում է ներառական կրթություն, այն ձևական բնույթ է կրում` շենքային պայմանները, դասագրքերը, ծրագրերը հարմարեցված չեն, նախարարը պատասխանել էր, որ ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել:
«Տեսեք` խոսքը աշակերտների 0.5 տոկոսի մասին է, բայց այստեղ պետք է շատ նուրբ ու հանգիստ աշխատել, համաչափությունը պահել և արդյունքները ցուցադրել: Յուրաքանչյուր արդյունքի ցուցադրումից հետո միայն անցնել հաջորդ փուլին, եթե մենք խնդիր դնենք ու պլանային ձևով փորձենք կատարել, վախենում եմ, որ կստանանք հակառակ արդյունքը»,-ասել էր Մկրտչյանը:
Մանկավարժ, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության Անահիտ Բախշյանը yerkir.am_ի հետ զրույցում նշեց, որ կուզենար արձագանքել ԿԳ նախարարի տեսակետին` ներառական կրթության իրականացման հետ կապված հարցում: Ներկայացնում ենք տիկին Բախշյանի արձագանքը:
«Ուզում եմ արձագանքել պարոն Մկրտչյանի մի մտքին. «Ներառական կրթության հարցում պետք է զգույշ լինել ու չշտապել»: Կուզեի հիշեցնել, որ 2001-ին ինքը` որպես նախարար, ստորագրել է առաջին համաձայնագիրը նախարարություն-«Հույսի կամուրջ» ՀԿ և թիվ 27 դպրոց` ներառական կրթություն սկսելու մասին: Կրթության ոլորտը, ճիշտ է, շատ իներցիոն է, բայց դա չի նշանակում, որ որևէ փոփոխություն այնտեղ անելու համար տասնամյակներ են պետք: Համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը ներդրվել է Հայաստանում 2014-ի դեկտեմբերի 1-ին ԱԺ ընդունած օրենքով. այդ օրենքն անցած 15 տարիների ներառական կրթության փորձի օրենսդրական հիմնավորումն է եղել:
Ներառական կրթությունը սկսվել է մեկ դպրոցից, 2 տարի հետո` դպրոցների թիվը դարձավ 4, իսկ այսօր մոտ 150 դպրոց ունենք: Ավելին, այն սկզբում պիլոտային ծրագրի կարգավիճակով է եղել, հետո նոր դարձել պետական քաղաքականություն:
Ներառական կրթության հարցում հնարավոր չէ սպասել 100 տարի, քանի որ, միևնույն է, 100 տարի հետո էլ չենք ունենալու իդեալական շենքեր, բոլորի սրտով մասնագետներ:
Գաղափարը երբեք հետ չի ընկնում պայմաններից, գաղափարը միշտ առաջ է ընկնում և դրան հետևում են բոլոր անհրաժեշտ պայմանները: Այսօր ներառականությունն ամրագրված է օրենքով, և կառավարությունն էլ այդ օրենքից բխող ժամանակացույցն էլ արդեն հաստատել է, ինչը նշանակում է, որ պետությունն ասում է` իմ կրթության համակարգում հայտարարում եմ համընդհանուր ներառականության քաղաքականությունը:
Պարոն Մկրտչյանն ասում է` խոսքը աշակերտների 0,5 տոկոսի մասին է. հանրակրթության մասին օրենքն ասում է, որ յուրաքանչյուր երեխայի որակյալ կրթություն կազմակերպելու և տալու երաշխիք է համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսությունը, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար. ինչո՞ւ ենք ներառական կրթությունը կապում միայն հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:
Մասնագետների խնդիր, այո, կա, դրա համար մենք մարտի 21-ից հետո հանդիպելու ենք նախարարին, և ներկայացնենք այն բոլոր բացերը, որ այսօր ունենք այս ոլորտում, և շատ արագ արձագանքման մեխանիզմ է պետք ստեղծել, և այս հարցում պարոն Մկրտչյանը շատ մեծ դեր ունի: Ներառականությունն իդեալական երբեք չի կարող լինել, բայց այն ենթադրում է հնարավորինս բոլոր երեխաների կրթությունն ապահովելը: Շատ գործ կա անելու, բայց չենք կարող ասել` եկեք սպասենք` մինչև պայմանները դառնան իդեալական, նոր անենք: Նույնն է, որ երբ 1995-ին Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունեցինք, որտեղ Հայաստանը հռչակվեց ժողովրդավար պետություն, և հիմա 20 տարի է անցել, բայց մենք հեռու ենք ժողովրդավարությունից, բայց այդ նշաձողը դրել ենք ու գնում ենք դեպի դրան: Հիմա ներառականության մասին օրենքն էլ դրել է համընդհանուր ներառականության անցնելու նշաձողը, որպեսզի մեր հասարակությունը լինի ներառական հասարակություն, որպեսզի բոլոր տեսակի խտրականությունները մի կողմ դրվեն, ու մարդիկ հանդուրժեն իրար, սիրեն ու գնահատեն դիմացինին այնպիսին, ինչպիսին կա: Օրենքը չի ասում, թե 2025-ին իդեալական ներառական կրթություն ենք ունենալու, ասում է, որ 2025-ին Հայաստանի բոլոր մարզերում արդեն այդ մեխանիզմը դրված է լինելու, և ամեն տարի մենք լիքը գործ ունենք անելու` նախարարի հետ: Այս ուղղությամբ մանկավարժական համալսարանը հսկայական գործ ունի անելու, բացի այդ, բոլոր բուհերում մենք պետք է ունենանք համապատասխան ֆակուլտետներ, որպեսզի կարողանանք ապահովել համապատասխան մասնագետներ:
Ես հասկանում եմ պարոն Մկրտչյանի մտավախությունը, կիսում այն, բայց համաձայն չեմ չշտապելուն. ես ասում եմ` եկեք զգուշորեն շտապենք»:
Ի պատասխան տիկին Բախշյանի դիտարկումներին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանն էլ փոխանցեց նախարարի խոսքերը.«Ներառական կրթությունը շատ կարևոր է մեր հասարակության համար` ոչ միայն կրթական, այլ նաև հոգեբանական և արդարության տեսակետից: Ես ինքս լինելով ծրագրի ակունքների մասնակից և ջատագով` շահագրգռված եմ կայուն արդյունքներով: Առաջիկայում մեր հանդիպման ժամանակ հնարավորություն կունենանք և՛ տիկին Բախշյանի, և՛ «Հույսի կամուրջ» կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել բոլոր հարցերը»: