Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Արցախյան ազատագրական պայքարի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է:
«ՀՄԸՄ առաջին ատենապետն էր Վարդան Բախշյանը, զոհվեց ընկերոջը մարտի դաշտից հանելու պահին` 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ. Այդ ժամանակ զոհվեցին մեր ընկերներից Գագիկը, Վաչե Ռոստոմյանն ու Վարդանը»,- Վարդան Բախշյանի զոհվելու մասին պատմեց նրա մարտական ընկերներից` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատար Տիգրան Դավթյանը:
Վարդան Բախշյանը Ղարաբաղ էր մեկնել այն ժամանակ, երբ Արցախյան մարտերին մասնակցելու համար ձեւավորվում էին դաշնակցական առաջին խմբերը: Տիգրան Դավթյանը, թեեւ Վարդան Բախշյանի եւ նրա մարտական ընկերների զոհվելու պահին գտնվել է Ստեփանակերտում, դեպքի մանրամասներին քաջատեղյակ էր. ինքն էր գրի առել դրանք:
«Վարդանը լավ ընկեր էր, հոկտեմբերյանցի տղա էր: Այն ժամանակ, երբ ինքը եկավ մեզ հետ, հետո գնաց հետախուզության, Կրկժանը, Մալիբեյլուն, Ղարադաղլուն դեռ ազատագրված չէին, ու գնացին նրանք: Առաջինը խփեցին ղարաբաղցի Դավիթին, երբ նրանք սարից իջնում էին: Երբ արդեն սարից իջած են լինում, խփում են Գագոյին. Գագիկի ազգանունը չեմ հիշում, Էջմիածնի գյուղերից էր, ուսանողական միությունից էր: Հետո Հրաչյա Ռոստոմյանին են խփում ջրի մեջ` ճակատից: Էջմիածինցի Անդոն հասցնում է փախչել կրակի գոտուց: Այդ ժամանակ տղերքն արդեն ջրի մեջ շրջապատման մեջ են ընկնում, ու հենց այդ պահին Վարդանին են խփում` թիկունքից: Վարդանից մի քանի մետր հեռու Արամ Պողոսյանն է` նռնակի օղակը քաշած, պատրաստ կանգնում ու սպասու է, որ հենց թուրքերը մոտենան` իր հետ մասին պայթեցնի: Էն էլ, լավ է, տղերքը հասնում են: Թուրքերը փախչում են, բայց արդեն տվել էինք երեք զոհ»,- yerkir.am-ին պատմեց Տ. Դավթյանը:
Վարդան Բախշյանը ծնվել է 1965 թ. հունիսի 1-ին Երեւանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշյանի անվան) դպրոցում: 1983 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում: 1988 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա` միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիայում: Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Արեւմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով:
Բայց այդ ժամանակ սկսվում են Արցախի ազատագրական մարտերը. 1988 թ. սկսված Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր Վարդան Բախշյանը: Հենց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրում է ՀՈՒԴ-ը ` Հայ ուսանողական դաշինքը, և հրատարակում «Դաշինք» ուսանողական թերթը: 1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը: 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:
1990 թ., միանալով ինքնապաշտպանական ջոկատներին, մեկնում է Արցախ: Մասնակցում է Բերդաձորի
ինքնապաշտպանությանը:
«Մենք դեռ նոր էինք զինվորագրվել Արցախյան հերոսամարտին, իսկ Վարդանն այդ ժամանակ արդեն որպես գործիչ էր ընկալվում մեր կողմից` նվիրյալ, գաղափարակիր: Մենք չպետք է ենթարկվեինք իրեն` ինքը չէր եկել ճակատ, որպես հրամանատար,` այլ եկել էր մեզ հետ, մեզ պես լինելու: Բայց Վարդանն ավելի շատ պետք էր Երեւանում: Հենց սա է ամենավատը` ափսոս էր Վարդանը: Նա պետք էր` որպես գործիչ, որպես անհատականություն ու հեղինակություն, գաղափար ու եռանդ հաղորդող անձնավորություն: Ուղղակի էդ կռիվն էր, էլի… գնա~ց, գնաց նման տղան:
Նա` որպես մանկավարժ, որպես դաստիարակող, սերունդ կրթող մարդ, ափսոս էր, որ զոհվեց, նա դեռ մեզ շատ էր պետք:
Մինչեւ հիմա նա կարող էր մեզ զգաստ պահել: Որովհետեւ մենք, այն ժամանակ, երբ հրամանատար չունեինք, այսինքն` ունեինք, մեկին նշանակում են` կլինի Ժիրո, կլինի Արամ, կլինի Դուշման Վարդան, բայց նրանք մարտական տղերք էին: Մենք էլ նրանց պետք է ենթարկվեինք ոչ թե այն բանի համար, որ զինվորական պայմանագիր էինք ստորագրել, այլ` գաղափարակից լինելով: Իսկ այդ գաղափարներն իրենց մեջ ունեին Վարդանի պես տղերքը: Բայց այդ կռվում առաջին օրերին զոհվեց Վարդանը…»,- եզրափակեց Տիգան Դավթյանը:
Վարդան Բախշյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում, եւ սրբատեղի է դարձել մատաղ սերնդի, հատկապես` ՀՄԸՄ-ականների համար: ԼՂՀ նախագահի 1995 թ. թիվ 42 հրամանագրով Վ. Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 1998թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով: Նրա անվամբ, բացի հարազատ դպրոցից, 2008 թվականին անվանակոչվել է նաեւ ԵՊՀ լսարաններից մեկը: