Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող` «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը նախկինի պես շարունակում է գնալ աշխատանքի: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին քրեական վերաքննիչ դատարանը (նախագահող` Սեւակ Համբարձումյան) մերժել էր Երեւան քաղաքի դատախազության վերաքննիչ բողոքը «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ եւ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հունվարի 23-ի որոշումը թողել օրինական ուժի մեջ:
Սիրունյանը yerkir.am-ին հայտնեց, որ վերաքննիչը մերժել է նաև իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի փոխարինման միջոց գրավ կիրառելու որոշման դեմ ներկայացրած բողոքը և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան` գործով մեղադրյալ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց, կիրառելու վերաբերյալ:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, բայց նաև բավարարել մեղադրյալի փաստաբանի միջնորդությունը և կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Քննությամբ հիմնավորվել է, որ Մերի Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և նրան խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն` հերթական կոնսուլտացիայի, և, տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին, չի հոսպիտալացրել նրան:
2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որոնց պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: