կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 15:00
Իրավական

Շուշանիկ Բախշյանի ջերմությունը 38,5-ից չի իջնում. պաշտպանը դեմ չէ մեղադրանք առաջադրելուն

Շուշանիկ Բախշյանի ջերմությունը 38,5-ից չի իջնում. պաշտպանը դեմ չէ մեղադրանք առաջադրելուն

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակված` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը կողմ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քննչական գործողություն իրականացվի, նաև` մեղադրանք առաջադրվի` չնայած նրա այն պնդմանը, որ Բախշյանն առողջական խնդիրներ ունի:

«Տիկին Բախշյանի առողջականը լավ չի, ջերմությունը 38,5-ից չի իջնում, բայց եթե նախաքննական մարմինը հիմա քննչական գործողություն իրականացնի, դեմ չենք»,- ասաց նա` հավելելով, որ իր պաշտպանյալը հավանաբար մրսել է կա\'մ քննչական վարչության մոտ, կա\'մ ՁՊՎ-ում:

Անդրադառնալով հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի` դատարան ժամանելուն և շտապօգնության բրիգադով Բախշյանին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ուղեկցելուն, փաստաբանն ասաց, որ ինքն է անձամբ հրավիրել Ասոյանին դատարան, քանի որ նա իմացել է, որ իր գործընկեր բժշկուհին դատարանում է, և հետաքրքրվել է նրա վիճակով:

Անդրադառնալով դատարանի որոշումը չկատարած քննիչի վերաբերյալ իր իսկ կողմից արված արտահայտություններին` Սիրունյանն ասաց. «Շաբաթ օրը կոռեկտությունն անցել եմ, բայց ճար չունեի»: Նա շարունակեց պնդել, որ քննիչի կողմից Շուշանիկ Բախշյանին ձերբակալելու որոշումն անօրինական է եղել:

Yerkir.am-ի դիտարկմանը` արդյո՞ք քննիչի կողմից դատախազի ցուցումը չկատարելն անօրինական չէր լինի, չէ՞ որ քննիչն, ի վերջո, ցուցում է կատարել, Սիրունյանն արձագանքեց, որ նոր է տեղեկանում, թե նման ցուցում է եղել:

Փաստաբանի խոսքով` Շուշանիկին ֆեյսբուքյան ստատուսներով են դատում, մինչդեռ` նրան դատելու իրավունք ունի միայն դատարանը: «Մենք արդարությո՞ւն ենք փնտրում, թե՞ զոհ»,- հարց հնչեցրեց նա:

Սիրունյանը նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվելուց հետո հրաժարվել է որպես կասկածյալ հարցաքննվել: