Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում իր հայտնաբերած խախտումները: Հարցի հետ կապված` թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն էլ նշել էր, որ պատրաստվում է դատի տալ տիկին Բախշյանին /նախորդ հրապարակումը` այստեղ/:
Տիկին Բախշյանն ասել էր, որ դպրոցում 30-35` կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներ են սովորում, որոնցից միայն մեկի տրանսպորտի համար նախատեսվող /34 000 դրամ/ գումարն է տնօրենը փոխանցում ծնողին: Այդ կապակցությամբ դպրոցի տնօրենն էլ նշեց, որ ինքը ժողով է արել, առաջարկել ծնողներին, սակայն նրնաք հրաժարվել են այդ գումարը վերցնել: Ի դեպ, օրենքի համաձայն` գումարը ոչ թե առաջարկվում է, այլ ուղղակի փոխանցվում:
Անահիտ Բախշյանը նշել էր նաև, որ Ազիզյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել, հիմա էլ հովանավորներ ունի, իսկ ընտրություններին ջանք ու եռանդ չի խնայում` ՀՀԿ-ի համար աշխատելու համար, ուստի` ամենևին էլ զարմանալի չէ, որ նա 15 տարի շարունակ դպրոցի տնօրենի պաշտոնում է:
Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրենը նշեց, որ «արդեն մաշվել է միտքը», որ ինքը նախագահի համակուրսեցին է: «Հովանավորներ չունեմ, բայց կուզեի ասել, որ յուրաքանչյուր մարդ իր կուսակցությունն ու առաքելությունն ունի, և ամոթ այն մարդուն, ով վատ կուսակցական է և իր առաքելությունը վատ է կատարում: Ես հարցին հարցով եմ պատասխանում` տիկի'ն Բախշյան, Դուք ընտրությունների ժամանակ ջանք խնայո՞ւմ եք, Դուք հենց հիմա, դեռ ընտրությունները չսկսած, ջանք խնայո՞ւմ եք, որպեսզի սևացնենք հանրապետական տնօրենների աշխատանքը, որպեսզի հանրապետական տնօրենները կոտրվեն, հիասթափվեն կամ վատ զգան իրենց»,- ասաց նա: Տնօրենի ձևակերպմամբ` Բախշյանն իրեն հետապնդում է:
Անահիտ Բախշյանը, խոսելով դպրոցում ամեն տարի իրականացվող պարգևատրումների մասին, նշում է, որ ինքն ամենևին էլ դեմ չէ, որպեսզի ուսուցիչը պարգևատրվի, եթե, իհարկե, այդ գումարը հասնում է անձամբ ուսուցչին: Նրա հավաստմամբ` 2014-ին դպրոցը 5 մլն գումար է տրամադրել պարգևատրումներին, իսկ այս տարի նախատեսել է 8 մլն դրամ:
Տիկին Ազիզյանը խուսափեց գումարային որևէ տվյալ հայտնելուց, չնայած դա ամենևին էլ չի համարվում գաղտնի ինֆորմացիա: «Հավանաբար, կտրամադրվի այնքան գումար, որքան անցած տարի: Ի վերջո, այդ գումարները դպրոցի տնտեսած գումարներն են: Մի մոռացեք, որ մեր դպրոցը 1700-ից ավելի աշակերտ ունի և վճարվում է աշակերտների թվով: Ես հասկանում եմ` գարուն է, մարդիկ էներգիայով են լցվում և ակտիվանում, բայց դա չի նշանակում` կենտրոնանալ մեկի վրա և հետապնդել նրան, ինչ անում է տիկին Բախշյանը»,- ասաց նա:
Տնօրենը նշեց, որ խորհրդակցել է իրավաբանի հետ, ով ասել է, որ Բախշյանն իրավունք չուներ այդքան փաստաթղթեր հավաքել` դպրոցի հետ կապված: Ազիզյանի հավաստմամբ` առաջիկայում, հարցի հետ կապված, կդիմի դատարան:
Տիկին Բախշյանը ցավով նշեց, որ դպրոցի տնօրենն այդքան հեռու է իր օրենքի տառից: Ըստ նրա` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը համակարգող օրենքի համաձայն` Երևանի ավագանին վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ, և այդ վերահսկողությունն իրականացնելու համար նրան տրված են իրավունքներ, դրա մեջ է մտնում նաև Երևանի ցանկացած ստորաբաժանման վերաբերյալ տեղեկատվություն ստանալը:
«Քաղաքապետի հետ ես նոյեմբերի 25-ից ունեմ նամակագրություն, ըստ որի էլ` ինձ են տրամադրվել այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են իմ հարցադրումներին: Ինչ վերաբերում է ինձ դատի տալուն, ես պատրաստ եմ դատական գործընթացին, ավելին` անհամբեր սպասում եմ դատական գործընթացին, որը չգիտեմ, թե ինքն ինչ հիմքով է հարուցելու իմ դեմ: Ի դեպ, ես ստիպված կլինեմ բացահայտել ոչ միայն այն, ինչ ասել եմ, կբացեմ շատ փակագծեր, այսինքն` այն, ինչ հրապարակել եմ, մի մասն է իմ ունեցած ինֆորմացիայի: Դատարանում պատրաստ եմ ավելին ասել»,- ասաց տիկին Բախշյանը:
Կուզեինք ներկայացնել նաև մի հատված թիվ 11 դպրոցի ուսուցիչների նամակից` ուղղված Բախշյանին. «Մեզ չխառնեք ձեր իմացած դպրոցներին, հատկապես` որտեղ լինում եք` դարձնում եք կոլեկտիվը հաշմանդամ: Մի չարաշահեք որպես ավագանի ձեր իրավունքները, որովհետև դուք անցնում եք սահմանը փաստաթղթերի թույլտվության վերաբերյալ: Եթե դուք շարունակեք հետապնդել մեր դպրոցը և տնօրենին` մենք համապատասխան միջոցների կդիմենք: Ո՞վ է ձեզ խնդրել կամ դիմել, որպեսզի զբաղվեք մեր տնօրենի գործունեությամբ, և ինչո՞ւ հատկապես Մալաթիայում եք շրջում` ուրվականի պես»…
Ի դեպ, փետրվարի 13-ին Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետին և ասել, որ թիվ 11 դպրոցի հետ կապված հրատապ խնդիր կա, և խնդրել է հանդիպել, բայց ոչ մի արձագանք չի ստացել:
Կարինե Հարությունյան