Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական ուժերը շարունակում են քննարկումներն ու բանակցությունները միմյանց հետ` կապված առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափի հետ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ևս բանակցությունների և քննարկումների փուլում է: Yerkir.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ իրենց կուսակցությունը քննարկումներ սկսել է դեռ 2016 թվականի տարեվերջին և մինչ օրս էլ բանակցում են թե' առանձին անհատների, թե' տարբեր քաղաքական ուժերի հետ:
«2 ամսից մի քիչ ժամանակ է մնացել: Առաջիկայում պարզ կլինի, թե ինչ ֆորմատով պետք է գնանք ընտրություններին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը նախապես իր առջև դրված նպատակ ունի, և դրա համաձայն էլ վարվում են բանակցությունները և քննարկումները քաղաքական դաշտի տարբեր անհատների հետ, որոնք ազատական գաղափարախոսությունը կրողներ են տարիներ շարունակ, սկզբունքորեն պահել են իրենց գիծը, նաև այն քաղաքական ուժերի հետ, որոնք կիսում են մեր գաղափարները»,- ասաց Խաչատրյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը նշեց, որ Անահիտ Բախշյանի հետ են քննարկումներ ընթանում: «Տիկին Բախշյանի հետ քննարկումներ կան, և մենք շատ դրական ենք գնահատում այդ քննարկումները: Թե' մեր, թե' տիկին Բախշյանի մոտ տրամադրվածություն կա դրական ուղղություններ բերելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ և ընտրություններից հետո, որովհետև և' տիկին Բախշյանը, և' մենք ունենք նույն գաղափարները, նույն մոտեցումները Հայաստանի զարգացման տեսլականի հետ կապված»,- նշեց նա:
Խաչատրյանը նաև նշեց, որ Ստյոպա Սաֆարյանի հետ են քննարկումներ իրականացնում, և իրենք Ստյոպա Սաֆարյանին ևս համարում են այն անհատներից, ովքեր գտնվում են ազատական դաշտում: Նա նշեց, որ թե' Հայաստանի ներքին կյանքի հետ կապված, թե' արտաքին քաղաքականության հետ կապված իրենց և Ստյոպա Սաֆարյանի տեսակետները համապատասխանում են:
Ըստ Խաչատրյանի` իրենց համար միավորումները չեն կարող լինել արհեստական, իրենց համար համագործակցությունը, միավորումները պետք է լինեն բացառապես գաղափարական հենքի վրա:
Մեր հարցին` կարո՞ղ ենք Անահիտ Բախշյանին և Ստյոպա Սաֆարյանին տեսնել «Ազատ դեմոկրատների» ցուցակում առաջիկա ընտրություններին, Խաչատրյանն արձագանքեց. «Շտապողականությունը դեռ ոչ մի տեղ չի օգնել, չեմ շտապում պատասխանել այդ հարցին, առաջիկայում ամեն բան պարզ կդառնա»:
Խաչատրյանը չհերքեց նաև այն լուրերը, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը ևս քննարկումների մեջ են: «Մենք երբեք էլ չենք հերքել, որ պարոն Բագրատյանի հետ ևս քննարկումներ կան և կրկին նույն նպատակակետը կա` համագործակցել գաղափարակից ուժերի և քաղաքական գործիչների հետ»,- ընդգծեց նա:
Խաչատրյանի խոսքով` թե' Բագրատյանի, թե' Բախշյանի, թե' Սաֆարյանի և այլ անհատների հետ, ում անունները չցանկացավ դեռևս նշել, քննարկումների արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն կլինի, և մոտավորապես 2 շաբաթից ամեն բան պարզ կլինի:
Խաչատրյանը նաև նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության հետ ոչ մի քննարկում և բանակցություն «Ազատ դեմոկրատները» չի վարում: