Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մեկնարկեց Մալաթիայի թաղապետի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով անդրանիկ դատական նիստը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Այսօրվա դատական նիստում փաստաբան Վարդուհի Էլբակյանը ներգրավվեց, որպես Խաչատրյանի պաշտպան և խնդրեց ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Նշենք, որ նախաքննության ընթացքում Խաչատրյանի շահերը պաշտպանել է Արամ Ղազարյանը:
Մեղադրանքը պաշտպանում է մյուս պատվիրատուի՝ Ստեփան Հակոբյանի գործով դատախազ Արմեն Մարուխյանը:
Ի դեպ՝ գործը բաղկացած է 14 հատորից:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 30-ին: