|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի առողջական վիճակը ծանր է: Այս մասին ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներին բանավոր կերպով տեղեկացրել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: Նշենք, որ որոշ ժամանակ Հակոբյանն անցկացրել է «Էրեբունի» ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց:
Զատիկյանի սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով երկրորդ դատական նիստն է, ինչ դատարանին չի հաջողվում ապահովել գործով վկա, դատապարտյալ Ստեփան Հակոբյանի ներկայությունը: Բանն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն չի կատարում դատարանի՝ դատապարտյալին դատարան ներկայացնելու պահանջը՝ միևնույն ժամանակ չներկայացնելով Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ որևէ բժշկական փաստաթուղթ:
Այս կապակցությամբ մեղադրող դատախազն առաջարկեց հաջորդ նիստին դատապարտյալի ներկայությունը չապահովելու դեպքում արտագնա նիստ անցկացնել հենց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանն ասաց, որ ՔԿՀ-ն պետք է Հակոբյանի առողջականի վերաբերյալ պատշաճ բժշկական փաստաթուղթ ներկայացնի:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց նոյեմբերի 1-ին:
Նշենք, որ ներկայումս գործը գտնվում է դատաքննությունը լրացնելու փուլում: Ստեփան Հակոբյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացրել էր Խաչատրյանի պաշտան Վարդուհի Էլբակյանը: