Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն մի քանի ամիս է` դատարանին չի հաջողվում դատարան ներկայացնել Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին: Նա Զատիկյանի սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով առանցքային նշանակություն ունեցող վկա է: Ստեփան Հակոբյանը դատարան ուղարկված գրություններով բազմիցս հայտարարել է, որ, օգտվելով իր իրավունքից, չի ցանկանում ցուցմունք տալ և ներկայանալ նիստերին:
Այսօրվա դատական նիստում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գրություն էր ստացել, որ Ստեփան Հակոբյանը վատառողջ է և չի կարող ներկայանալ: Հակոբյանի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն այսօր դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, համաձայն որի՝ Հակոբյանն ունի ուղեղի, նյարդային համակարգի, ինչպես նաև հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ: Դատապարտյալը խնդրել էր դատարանին, այլևս իրեն չծանուցել, քանի որ ծանուցումները լրացուցիչ բարդություններ են ստեղծում նրա համար:
Ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ու մեղադրող դատախազ Պողոսյանը միջնորդեցին դատարանին՝ արտագնա դատական նիստ անցկացնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և այնտեղ հարցաքննել վկային: Դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշում կայացրեց հաջորդ դատական նիստն անցկացնել ՔԿՀ-ում: Փաստորեն, պաշտպանական կողմին, այնուամենայնիվ, հաջողվեց կազմակերպել երկու «պատվիրատուների» «հանդիպումը»:
Այստեղ տեղին է հիշել հայտնի արտահայտությունը՝ «Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ»:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Խաչատրյանը, Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման: