կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-30 15:50
Իրավական

Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» գործով բերման որոշում կայացվեց

Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» գործով բերման որոշում կայացվեց

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը Մալաթիայի թաղապետի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստում որոշում կայացրեց բերման ենթարկել գործով վկա Ահարոն Հակոբյանին: Նա սպանությունը պատվիրելու գործով ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի ընկերն է:

Ստեփան Հակոբյանի  վերաբերյալ քննվող քրեական գործով դատաքննության  ընթացքում Ահարոն Հակոբյանը նույնպես որպես վկա է հանդես եկել: Նա դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ  քրեական գործի նախաքննության ընթացքում` դեռևս 2007 թվականին, իրենք մի քանի օր ապօրինի պահվել են ոստիկանության բաժնում, իրենց նկատմամբ բռնություններ են գործադրվել և ստիպել են, որպեսզի ցուցմունքներ տան, թե իբր Ստեփան Հակոբյանն է պատվիրել Սեդրակ Զատիկյանի սպանությունը:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Խաչատրյանը Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Նախորդ դատական նիստում փաստաբան Վարդուհի Էլբակյանը ներգրավվեց որպես Խաչատրյանի պաշտպան և խնդրեց ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Նշենք, որ նախաքննության ընթացքում Խաչատրյանի շահերը պաշտպանել է Արամ Ղազարյանը: Մեղադրանքը պաշտպանում է մյուս պատվիրատուի՝ Ստեփան Հակոբյանի գործով դատախազ Արմեն Մարուխյանը: Ի դեպ, գործը բաղկացած է 14 հատորից:

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման: