կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-06 16:15
Իրավական

Մալաթիայի նախկին թաղապետի որդու սպանության երկու «պատվիրատուները» հանդիպեցին

Մալաթիայի նախկին թաղապետի որդու սպանության երկու «պատվիրատուները» հանդիպեցին

Մալաթիայի նախկին թաղապետի՝ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունից 10 տարի անց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կայացած արտագնա դատական նիստում հանդիպեցին սպանության երկու «պատվիրատուները»՝ Ստեփան Հակոբյանի և Նարեկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում իր պատիժն է կրում Լեդի Հակոբի եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, ով 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար և դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Նա, ըստ ՔԿՀ-ի, առողջական խնդիրներ ունի: Նշենք, որ ամիսներ շարունակ դատարանին չէր հաջողվում Ստեփան Հակոբյանին բերել դատարան և հարցաքննել: Հակոբյանը Զատիկյանի սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով առանցքային նշանակություն ունեցող վկա է: Ստեփան Հակոբյանը դատարան ուղարկված գրություններով բազմիցս հայտարարել է, որ, օգտվելով իր իրավունքից, չի ցանկանում ցուցմունք տալ և ներկայանալ նիստերին:

Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը Yerkir.am-ին հայտնեց, որ այսօրվա արտագնա դատական նիստի ընթացքում Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ, ինչից հետո դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը: «Նախաքննական ցուցմունքի վերաբերյալ Հակոբյանը դիրքորոշում չհայտնեց: Ես ընդամենը հարցրեցի` սա Ձեր նախաքննական ցուցմունքն է, Դուք պնդո՞ւմ եք այն, նա ասաց` կարող եմ հարցերին չպատասխանել»,- ասաց պաշտպանը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Խաչատրյանը, Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 21-ին: