| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մալաթիայի թաղապետի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի շահերը Մալաթիայի դատարանում կներկայացնի փաստաբան Արամ Ղազարյանը: Նա yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ գործի մանրամասների մասին կխոսի դատարանում:
Այս գործով մեղադրանքը դատարանում կպաշտպանի մյուս պատվիրատուի՝ Ստեփան Հակոբյանի գործով դատախազ Արմեն Մարուխյանը: Գործը նախագահող դատավորն է Ռոբերտ Պապոյանը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից: Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին: 2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
Yerkir.am-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդ՝ Սոխակ Խոցանյանի (Վահան Զատիկյանի կինը) ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանը հայտնեց, որ տուժող կողմն այս գործով ևս արդարացի պատիժ է ցանկանում՝ կատարված հանցանքին համարժեք: «Տարիներ շարունակ` երեք դատավարություն, ամեն անգամ նոր նախաքննություն, նոր դատավարություն. Զատիկյանների վերքը չի հասցնում սպիանալ, նորից թարմացվում են հիշողությունները: Շատ ծանր է նրանց համար, չէ՞ որ մենք գործ ունենք ողբերգության հետ, և նրանց հոգու ճիչն է, որ պատիժը լինի արդարացի»,- ասաց նա: