կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 15:47
Իրավական

Ես իմ թշնամիներին չեմ ներելու. Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» վերջին խոսքը

Ես իմ թշնամիներին չեմ ներելու. Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» վերջին խոսքը

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Մալաթիայի թաղապետի՝ Վահան Զատիկյանի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով դատավճիռ կայացնելու:

Մինչ այդ պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա միջնորդեց դատարանին` արդարացնել և դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել: «Մինչ օրս իմ պաշտպանյալն անհիմն ենթարկվում է քրեական հետապնդման»,- ասաց պաշտպանը՝ մանրամասն ներկայացնելով ապացույցներ, որոնք, ըստ նրա, հիմնավորում են Նարեկ Խաչատրյանի անմեղությունը:

«Եթե դատարանին ներկայացվի մի ապացույց, որը կփաստի, որ Նարեկ Խաչատրյանը պարբերաբար վիճել է Սեդրակ Զատիկյանի հետ և ցանկացել նրանից վրեժ լուծել, այդ ժամանակ նոր կքննարկենք»,- ասաց փաստաբանը:

Վարդուհի Էլբակյանի խոսքով՝ այս դեպքով նախկինում կայացված երկու վճիռներում, անդրադառնալով Նարեկ Խաչատրյանի մասնակցությանը և դա դնելով իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, խախտվում է Նարեկ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքը: Ըստ նրա՝ հիշյալ գործը հիմնված է այդ գործով վկա Ահարոն Հակոբյանի ցուցմունքների վրա: «Եթե Ահարոն Հակոբյանի ցուցմունքը վճռորոշ չէ, և Խաչատրյանի մեղքն այլ ապացույցների համակցությամբ է հիմնավորվում, ապա ինչո՞ւ էր մեղադրողի ճառը հիմնված այդ ցուցմունքի վրա»,- հարցրեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Նարեկ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Այսօր` շուրջ երկու տարի տևած դատաքննության ընթացքում, երկարատև լռությունից հետո խոսեց՝ ճառով և վերջին խոսքով հանդես եկավ այդ գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը: Նա պատմեց, որ 2006-ին ինքը գտնվել է Դուբայում և զբաղվել մեքենաների առքուվաճառքով, իսկ Սեդրակ Զատիկյանի սպանության մասին տեղեկացել է Երևանում:

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում` «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից:

Խաչատրյանը հայտնեց, որ չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, որ 2006-ին ինքն անցել է Զատիկյանի սպանության գործով: Նրա խոսքով՝ դեպքից 10 օր անց իրեն տարել են, հարցաքննել և, պարզելով, որ կապ չունի կատարվածի հետ, բաց են թողել: «Ես Սեդրակ Զատիկյանի հետ ընդհանրապես վատ հարաբերություններ չեմ ունեցել, եթե ես առնչություն ունենայի կամ վատ հարաբերություններ ունենայի Սեդրակի հետ, ինչո՞ւ պետք է նրա հուղարկավորությանը գնայի»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի՝ ինչպե՞ս կարելի է վկայակոչել այն հանգամանքը, որ իբր նախկինում Սեդրակ Զատիկյանը կրակել է իր վրա, եթե այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ժամանակին կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ իր մարմնի վրա որևէ հետք չկա, ինչը կվկայեր, որ իր վրա կրակել են: «Ձեզ համար մարդու ճակատագիրը ոչ մի բան է»,- դիմելով մեղադրող դատախազին` ասաց ամբաստանյալն ու հավելեց. «Ես ձեզ հասկանում եմ, աշխատավարձ եք ստանում, ինչ ասեն՝ պետք է անեք, ասեն` գնդակահարեք, կգնդակահարեք: Մեղք եք, սաղիդ երեխեքն են պատասխան տալու: Ոչ մի տեղ չկա, որ ինձ ընկերների շրջապատում ճանաչեն միայն Նարեկ անունով, ինձ բոլորը ճանաչել են կամ որպես Խաչատրյան Նարեկ կամ որպես պրոֆեսորի տղա Նարեկ»:

Ամբաստանյալը մեղադրող դատախազի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Զատիկյանի սպանությունը պատվիրող Ստեփան Հակոբյանի համար նախորդ դատախազը 14 տարվա ազատազրկում էր պահանջել: «Դատախազը նախորդի համար 14 տարի էր պահանջել, դատավորը մեղքը ծանրացրեց՝ 15 տվեց, իսկ դուք ինձ համար 15 տարի ուզեցիք, չհասկացա` ինչի համար: Ուզո՞ւմ եք՝ 50 տարի ուզեք: Հարցն այն է, որ չեք տիրապետում այս գործին, որովհետև եթե սպանությունը կատարելու և օժանդակելու համար Արսեն Առուշանյանը, Լուսինե Ղևոնդյանը դատապարտվում են 10 և 8 տարվա ազատազրկման, իսկ ինձ նույն մեղադրանքի ավելի մեղմացված կետերով՝ դրդելու համար, առաջարկում եք 15 տարի, ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ, մի բան էլ ասում եք` պատիժը մեղմացնող հանգամանք չկա: Ի՞նչ պետք է անեի, որ մեղմացնող լիներ, մեռնեի՞»,- ասաց նա և հավելեց.«Երբ որ մայրս երկրորդ կարգի հաշմանդամ է, դա մեղմացնող հանգամանք չէ, երբ որ ես հազար հատ հիվանդություն ունեմ, մեղմացնող չէ՞»:

Ամբաստանյալն այսօր հայտարարեց, որ ինքն 9 տարի փախուստի մեջ չի եղել, ապրել է Հայաստանում: «Ես ստեղ եմ եղել, թող իրավապահները մտածեն` ոնց են աշխատել կամ կարողացել են ինձ բռնել, թե` ոչ: Ես շատ լավ գիտեմ, որ իմ խոսքը ոչ մի արժեք չունի, պարզապես ոչ մեկ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնի»,- ասաց նա:

Նարեկ Խաչատրյանի խոսքով՝ իր վերաբերյալ գործը քննած ՀԿԳ քննիչն իր հետ անձնական խնդիրներ է ունեցել: «15 տարի… Հլը փորձեք ձեր տան բաղնիքի դուռը փակել, տեսնեմ քանի՞ օր կարաք էնտեղ ապրել, հլը հետ գնա 15 տարի, տես` ինչ ե՞ս արել 15 տարի առաջ, կհիշե՞ս: Ախր ո՞նց ես մարդուն, չապացուցված, 15 տարի տալիս: Առանց ապացույցների` ինձ հիմա դատում են…»,-խոսքն ուղղելով դատախազին՝ ասաց նա, ապա հավելեց. «Ես 8 տարի իմ տանջանքը կրել եմ, ինչ-որ ես եմ քաշել, ես գիտեմ: Հիմա ինձ առանց ինչ-որ պատճառի դատում եք, նշանակում է` մահապատժի եք ենթարկում»:

Ամբաստանյալը հորդորեց դատավորին՝ վճիռ կայացնելիս հետևել խղճին: «Ես իմ թշնամիներին չեմ ներելու, թող Աստված իրենց ների»,- եզրափակելով խոսքն՝ ասաց նա:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Նարեկ Խաչատրյանը, Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից:

Զատիկյանի սպանությունը կատարելու և օժանդակելու համար դեռևս 2007-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Ա. Առուշանյանը, Ա.Հովհաննիսյանը և Լ. Ղևոնդյանը դատապարտվել էին ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուների նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդին՝ Ստեփան Հակոբյանը, հայտնաբերվեց 2011 թվականի դեկտեմբերին:

2013-ի դեկտեմբերի 9-ին Մալաթիայի դատարանը Հակոբյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 15 տարվա ազատազրկման:

Թագուհի Մելքոնյան