Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիայի թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունից մոտ 10 տարի անց, սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով այսօրվա արտագնա նիստը տեղի ունեցավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: ՔԿՀ-ում ցուցմունք տվեց Զատիկյանի և պատահական անցորդ կնոջ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը: Նա աշխատասենյակ մտավ հևալով(ՔԿՀ-ի նիստերի դահլիճը վերանորոգելու պատճառով նիստն ընթանում էր ՔԿՀ-ի աշխատասենյակներից մեկում-խմբ.), դատապարտյալը հյուծված տեսք ուներ: Ասաց, որ չի կարող կանգնել: «Ոտքերս անջատված ա, ողնաշարս ջարդած տեղեր ունի, սաղ կտրտած ա»,- ասաց ցմահ դատապարտյալը՝ ցույց տալով որովայնի վիրահատության հետքերը: Նա նիստի ընթացքում պարբերաբար դեղեր էր խմում և նյարդայնանում, երբ մեղադրող դատախազը մի քանի անգամ իրեն նույն հարցն էր տալիս: «Ջեբերս բացեմ, տեսեք` ինչ դեղեր եմ խմում, ներվերս չի հերիքում, ուղղակի էկել եմ, որ տենամ` էս կանցերտն ինչքան ա շարունակվելու»,- ասաց նա:
Առուշանյանը, ինչպես նաև գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը չցանկացան, որ իրենց լուսանկարեն: Դատապարտյալը նշեց, որ դժվարանում է հայերեն խոսել, ցանկալի է, որ ռուսերեն խոսի: Դատավորի այն պնդմանը, թե մեր երկրում մայրենի լեզուն հայերենն է և ցանկալի է, որ նա նույնպես հայերեն խոսի, արձագանքեց. «Իմ մայրենի լեզուն Ղարաբաղի լեզուն ա, կարող ա խոսամ, դուք բան չջոկեք»:
Դատավորի հարցին, թե ի՞նչ հոդվածներով է դատապարտվել, Արսեն Առուշանյանը պատասխանեց՝ «ահագին». «104 կա, 177 կա (նկատի ունի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ, 177-րդ հոդվածները), եսիմ հա կա, էլի: Ինչ ուզեցել՝ դրել են, 9 տարի ա նստած եմ»:
Նշենք, որ 2001-ին Առուշանյանը դատապարտված է եղել սպանության մասին իմանալ՝ չհայտնելու, իսկ 2007թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով (պատվերով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով եղանակով երկու անձանց սպանություն), 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 177 հոդվածով (գողություն), 34-177 հոդվածով (գողության փորձ) և 185 հոդվածով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Դատապարտյալը հայտնեց, որ սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին չի ճանաչում, իսկ ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանն իր հոր ընկերոջ որդին է, և որ ինքը նրան չի ճանաչել: «Ես` ուր, Նարեկն` ուր, շփում չի եղել ո\'չ Ստեփանի, ո\'չ էլ Նարեկի հետ»,-ասաց նա:
Խոսելով Ստեփան Զատիկյանին սպանության մասին` դատապարտյալը պատմեց, որ դեպքից երկու տարի առաջ Զատիկյանենք փորձել են իրենից խլել իրեն պատկանող քարի արտադրամասը, դրանից հետո էլ իրենց միջև տարաձայնություններ են սկսվել: Նա նշեց, որ դեպքից տարիներ առաջ իրեն տարել, «սպանել են», գցել փոսի մեջ, սակայն ինքը «սաղ է մնացել», ոչ ոք չի ասում, որ նման բան չի եղել: «Ո՞վ ա քննել, ասել՝ Արսե\'ն, դու չե՞ս ունեցել ինչ-որ անձնական մի խնդիր էդ մարդկանց հետ: Դրդող-բրդող շարժիչներ դրել են գործի մեջ, խոսքեր են գրել, որ ոչ մի բանով չի համապատասխանում էս գործին»,- ասաց նա:
«Ես ծախեցի արտադրամասը, իրանք չկարացան ձեռիցս վերցնեն, հետո ինձնից փող էին ուզում, դրա համար ինձ տարան, ծեծեցին, տրուբով խփեցին գլխիս, հեսա՝ տեղն էլ կա (խմբ. ցույց է տալիս գլխի սպին), հետո Սեթոն ընկերների հետ որոշում էր ինձ տռուբ սարքել, թե չէ`, որոշեցին, որ ապրեմ»,- ասաց դատապարտյալը՝ նշելով, որ ինքը ծեծի մասին մոռացել էր, սակայն երկու տարի անց Սեթոն եկել է իր տուն և հայհոյել իր ընտանիքին: «Եկել ա իմ կնոջը, բարուր էրեխեն ձեռը, անպատվել ա, Սեդրակն իմ ինքնասիրությանն ա կպել, ո՞ր մի հայ տղամարդը դա կհանդուրժեր»,- ասաց նա՝ նշելով, որ Սեթոյին սպանելու մտադրություն չի ունեցել. «Ես գնացել էի իրա հետ խոսալու, ամեն ինչ զուգադիպեց, ինքը ավտոյով քշեց վրես, ես էլ ավտոյի վրա կրակեցի, ես չգիտեի` ով կա մեջը, շատ եմ ցավում որ պատահական անցորդ ա մահացել: 9 տարի անցել ա ձեր ասած գործից, 9 տարվա մեջ էլ ահագին հիվանդություններ եմ տարել, ահագին վիրահատություններ եմ տարել ու սենց ասեմ, որ ես ինձ մեղավոր եմ ճանաչել` ոնց որ частично: Չգիտեմ ո\'չ Նարեկին էդ գործի մեջ, ո\'չ Ստեփանին, ոչ մի հատ կապող օբշի բան ունենք, որ շառով ա, որ համոզմունքով ա, թե ում զակազով ա, ես գործի մեջ փաստ չեմ տեսել»,- ասաց դատապարտյալը:
Նշենք, որ ըստ Առուշանյանին դատապարտելու հիմքում դրված մեղադրանքի՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Արսեն Առուշանյանը, 2001-ին գտնվելով կալանավայրում, թղթախաղով տարվելու արդյունքում կուտակել է 3500 դոլարի պարտք, իսկ երբ արդեն գտնվել է ազատության մեջ, այս գործով տուժող Սեդրակ Զատիկյանը պահանջել է այդ պարտքը մարել, սակայն Արսենը հայտնել է, որ պարտքը մարված է: Դրանից մեկ տարի անց Սեդրակն իր ընկերների հետ Երեւան-Աշտարակ մայրուղուն հարակից տարածքում ծեծի է ենթարկել Արսենին, որը մարմնական վնասվածքներ է ստացել: Արսենը որոշել է վրեժխնդիր լինել` սպանել Սեդրակին, բայց դրա համար նպաստավոր պայմաններ չեն եղել: Հետո հայտնվել են Արսենի հոր ընկերոջ որդին` Նարեկ Խաչատրյանը, եւ նրա ընկեր Ստեփան Հակոբյանը, ովքեր էլ, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:
Նախորդ դատական նիստում ցուցմունք տված վկա Լուսինե Ղևոնդյանը, ով սպանությունն օժանդակելու համար դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, դատարանում հաստատեց իր այն նախաքննական ցուցմունքը, որում նկարագրված է, թե ինչպես է ինքը կանգնել Սեդրակ Զատիկյանի տան մոտ և զանգահարել իր` այն ժամանակվա ամուսնու ընկեր Արսենին՝ տեղյակ պահելով Զատիկյանի՝ տանից դուրս գալու մասին: Վկան նաև հայտնել էր, որ դեպքից հետո ամուսնու հետ մնացել են հանրապետության տարբեր հյուրանոցներում, և որ այդ ժամանակահատվածում իրենց վրա մոտ 30 հազար դոլարի ծախս է արել Արսեն Առուշանյանը:
Այսօրվա դատական նիստում հրապարակվեց Առուշանյանի նախաքննական ցուցմունքը, որում նա մանրամասնորեն նկարագրում է դեպքի մասին: Մասնավորապես` հայտնում է, որ պատահական անցորդի մահանալու մասին իմանացել է հեռուստատեսությամբ և այլն: Ըստ նախաքննական տվյալների՝ Արսեն Առուշանյանը Սեդրակ Զատիկյանին սպանել էր ինքնաձիգով, որի վրա թուրքերեն գրված է եղել` Նազիմով: Դատապարտյալը հայտնեց, որ ցուցմունքը թելադրել է քննիչ Կարախանյանը և գրել աշխատասենյակում նստած մի աղջիկ, և որ ինքն ընդամենը ցուցմունքի տակը ստորագրել է:
Դատավորի այն հարցին, թե սպանությունից հետո նա զանգահարե՞լ է ինչ-որ մեկին և շնորհավորել՝ ասելով «տղա ա», դատապարտյալը պատասխանեց՝ ոչ: «Ես ցմահ եմ ու սաղ կյանքս ստեղ եմ լինելու, նպատակներ էլ չունեմ ստեղից դուրս գալու: Վերևն Աստված կա, ես ինչ-որ արել եմ դրա համար իմ պատիժը կրում եմ: Ես ամեն առավոտ աղոթում, ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:
Այսքանով այսօրվա արտագնա նիստն ավարտվեց
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վահան Իշխանյանի բլոգից