Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մալաթիայի թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանությունից մոտ 10 տարի անց, սպանության երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էին գործով վկաներ` սպանությանն օժանդակելու համար դատապարտված Լուսինե Ղևոնդյանն ու Արթուր Հովհանիսյանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2007-ին Ա. Հովհաննիսյանը դատապարտվել էր 10, իսկ այն ժամանակվա նրա փաստացի կինը՝ Լ. Ղևոնդյանը, 8 տարվա ազատազրկման: Ի դեպ, Լուսինե Ղևոնդյանն արդեն ազատության մեջ է, իսկ Արթուր Հովհաննիսյանի պատժի կրման ժամկետը լրանում է հաջորդ տարի:
Երկու վկաներն էլ հրաժարվեցին դատարանում ցուցմունք տալ և խնդրեցին դատարանին՝ հիմք ընդունել իրենց իսկ գործով դատարանում տրված ցուցմունքները: Նրանք միաժամանակ հայտնեցին, որ չեն ճանաչում այս գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանին: Նույն անձինք սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի գործով էլ դատարանում պնդել էին, որ չեն ճանաչում Հակոբյանին:
Այսօրվա նիստում մեղադրող դատախազը նախ հրապարակեց այդ վկաների նախաքննական ցուցմունքները, ապա Ստեփան Հակոբյանի գործով արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիմքում դրված՝ Արսեն Հովհաննիսյանի՝ դատարանում տված ցուցմունքը: Համաձայն Արթուր Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքների` նա Արսեն Առուշանյանին (խմբ. նա ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանությունը կատարելու համար) ճանաչում է 1998-ից, 2006-ին նրան իր տաքսիով մերթ ընդ մերթ տարել է Մալաթիայի տարածք, որտեղ նա խնդիր ուներ լուծելու Սեդրակ Զատիկյանի հետ: Դեպքի օրն իր ընկերուհու և Արսենի հետ գնացել են Զատիկյանենց տան տարածք, որտեղ Լուսինեն սպասել է Զատիկյանի տան մոտ և, տեղեկանալով, որ Սեդրակը դուրս է եկել տանից, զանգահահարել ու այդ մասին հայտնել է Արսենին, ով Մալաթիա և Տիչինա փողոցների խաչմերուկում իրագործել է սպանությունը: Համաձայն Լուսինե Ղևոնդյանի նախաքննական ցուցմունքների՝ նա չի իմացել` ով է Ստեփան Զատիկյանը, և չի իմացել, որ Արսենը մտադիր է նրան սպանել: Իր նախաքննական ցուցմունքում Լ. Ղևոնդյանը հայտնել է, որ հետո է հասկացել, որ Արսենը մարդասպան է, և ասել է, որ զղջում է կատարածի համար: Լուսինեն հայտնել է, որ դեպքից հետո մեքենայի մեջ խոսակցություններից հասկացել է, որ Արսենն ինչ-որ մեկի հետ է խոսում, և որ իրար շնորհավորում են: «Զանգեց ինչ-որ մեկին, ասաց՝ ախպերնե\'ր ջան, շատ լավ է՝ տղա է»,- ասել է վկան:
Նշենք, որ Ստեփան Հակոբյանի դատավճռի հիմքում դրված փաստերի համաձայն՝ Արսեն Առուշանյանը զանգահարել և սպանության լուրի մասին հայտնել է պատվիրատուին՝ Ստեփան Հակոբյանին:
Արթուր Հովհաննիսյանը նախաքննության ընթացքում ասել է նաև, որ ինչ-որ մեկը Արսենին փաթեթ է փոխանցել, ավելի ուշ Ա.Առուշանյանը գրպանից 10 հազար դոլար հանել և 2 հազար դոլար տվել է իրեն: Ըստ Հովհաննիսյանի նույն ցումունքի` դեպքից հետո մոտ մեկ ամիս անցկացրել են Հայաստանի տարբեր հյուրանոցներոևւմ, այդ թվում՝ Սևանում գտնվող, և Արսենն իրենց համար մեծ ծախսեր է արել՝ ընդհանուր առմամբ 30 հազար դոլար: Ըստ նրա՝ Արսենն էլի էր գումար ակնկալում, խոսում էր ինչ-որ մարդկանց հետ, նրանք փող չէին տալիս, «պահանջում էին սպանել նաև Սեթոյի եղբորը, որպեսզի վճարեին գումարի մյուս մասը»:
Իսկ մայր գործով տված դատաքննական ցուցմունքներում Ա.Հովհաննիսյանը հրաժարվել էր նախաքննական ցուցմունքներից, հայտարարել, որ ինքն ու Լուսինեն Մալաթիա են գնացել` կահույք ու կոշիկ նայելու, Արսենն էլ իրեն գումար չի տվել և գումարներ չի ծախսել:
Այսօրվա դատական նիստում Լուսինե Ղևոնդյանը հայտնեց, որ իր նախաքննական ցուցմունքում կան բաներ, որ չեն համապատասխանում իրականությանը, թեև մեղադրող դատախազի գրեթե բոլոր ճշտող հարցերին, վկան տվեց դրական պատասխան՝ ըստ էության պնդելով իր նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանը Ստեփան Հակոբյանի գործով դատաքննության ընթացքում հայտնել է, որ երբ 2007 թվականին ինքը և կինը` նույն քրեական գործով դատապարտյալ Լուսինե Ղևոնդյանը, ինքնակամ ներկայացել են ՀՀ գլխավոր դատախազություն և մտել քննիչի մոտ, այդ պահից սկսած` իրենց նկատմամբ ճնշումներ և բռնություններ են կիրառվել: Իրեն ստիպել են, որ հանցագործությունը խոստովանող ցուցմունքներ տա, սակայն քանի որ հրաժարվել է, կնոջն այլ սենյակ են տարել, սպառնացել, որ նրա հետ «վատ» բաներ կկատարվի, որից հետո կնոջ գոռոցներն է լսել և ստիպված արել է այնպես, ինչպես իրեն ասել են: Արթուր Հովհաննիսյանը դատարանում հայտնել էր նաև, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նաև հարվածել ու կոտրել են իր մոր ատամները:
Հետաքրքիր է` իսկ ի՞նչ կապ ունի այս սպանության հետ Նարեկ Խաչատրյանը: Ըստ նախաքննական տվյալների՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Արսեն Առուշանյանը, 2001-ին գտնվելով կալանավայրում, թղթախաղով տարվելու արդյունքում կուտակել է 3500 դոլարի պարտք, իսկ երբ արդեն գտնվել է ազատության մեջ, այս գործով տուժող Սեդրակ Զատիկյանը պահանջել է այդ պարտքը մարել, սակայն Արսենը հայտնել է, որ պարտքը մարված է: Դրանից մեկ տարի անց Սեդրակն իր ընկերների հետ Երեւան-Աշտարակ մայրուղուն հարակից տարածքում ծեծի է ենթարկել Արսենին, որը մարմնական վնասվածքներ է ստացել: Արսենը որոշել է վրեժխնդիր լինել` սպանել Սեդրակին, բայց դրա համար նպաստավոր պայմաններ չեն եղել: Հետո հայտնվել են Արսենի հոր ընկերոջ որդին` Նարեկ Խաչատրյանը, եւ նրա ընկեր Ստեփան Հակոբյանը, ովքեր էլ, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Այս գործին Նարեկ Խաչատրյանի ունեցած կապի մասին պարզ կդառնա ցմահ դատապարտված Արսեն Առուշանյանի հարցաքննությունից հետո: Նրա ցուցմունքը նախատեսված է լսել հաջորդ դատական նիստի ընթացքում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ