կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 15:29
Տնտեսական

ԲՀԿ-ական պատգամավորը համաձայն է ֆինանսների նախարարի հետ

ԲՀԿ-ական պատգամավորը համաձայն է ֆինանսների նախարարի հետ

Հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց հարկային նոր օրենսգրքի նախագիծը, որը գործողության մեջ է դրվելու 2018թ. հունվարի 1-ից: Այդ նիստում  վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ պետք է կրճատել հարկային արտոնությունները և առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետական բյուջեից:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը «հեղափոխական» է որակում այն գործընթացը, որը հետևելու է հարկային օրենսգրքի` ուժի մեջ մտնելուց հետո, որովհետև այն նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը, տնտեսության աշխուժացմանը եւ բացառելու է կոռուպցիոն ռիսկերը:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ համակողմանի դեռ չի ծանոթացել այդ նախագծին և չի ուսումնասիրել ռիսկերը: Սակայն պատգամավորը տեղյակ էր այն հիմնական սկզբունքներին, որոնց հիման վրա էլ մշակվել է հարկային նոր օրենսգրքի նախագիծը: Եվ այդ սկզբունքներից ելնելով` Միքայել Մելքումյանը համաձայն է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:

 Ըստ պատգամավորի` առաջին սկզբունքն այն է, որ բոլոր օրենքները պետք է համադրելիություն ունենան, մինչդեռ` հիմա տարբեր օրենքներ տարբեր ձև են մեկնաբանվում: Մյուս սկզբունքը վերաբերում է արտոնությունները վերացնելուն ու հասցեական սուբսիդավորմանը, ինչը, ըստ Միքայել Մելքումյանի, ճիշտ քայլ է, քանի որ արտոնությունները շատ հաճախ անհավասար պայմաններ են ստեղծում: Երրորդ սկզբունքն այն է, որ հարկային օրենսգիրքը երկարաժամկետ փորձ է անում չփոփոխել խաղի կանոնները, մինչդեռ` հիմա շատ գործարարներ բողոքում են, որ տնտեսական օրենքները հաճախակի են փոփոխվում. միայն ԱԱՀ-ն վերջին տարիներին  բազմաթիվ անգամ փոփոխվել է:

Միքայել Մելումյանը նշեց, որ այս հարկային օրենսգրքի վրա արդեն մի քանի տարի է` աշխատում են միջազգային լուրջ փորձագետներ, սակայն դեռևս հայտնի չեն անցումային փուլի հետ կապված ռիսկերը:

«Իհարկե, տնտեսական միջավայրի վրա հարկային նոր օրենսգիրքը դրական կազդի, բոլոր դեպքերում բացասական չի ազդի»,- ասաց պատգամավորը: