Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆինանսների նախարարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի պետական գնումների ոլորտում ապահովվի թափանցիկությունը, հստակ սահմանվեն գնման ենթակա ապրանքները եւ այլն: Կառավարությունում այսօր, ՎՊ հաշվետվությանն արձագանքելով, լրագրողներին այդ մասկն հայտնեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Նա նշեց, որ գնումների ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
«Վերջին 9 ամսվա ընթացքում կատարվել են մի շարք գործընթացներ: Նախկինում, երբ գնումներ էին հայտարարում տարբեր գերատեսչությունները, այդ հայտարարություները ստանդարտացված չէին, այդ թվում` նաեւ պայմանագրերը, ինչից թվում էր, թե խտրականության ռիսկեր կան: Ֆինանսների նախարարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որպեսզի այս խնդիրները լուծվեն»,- ասաց Դավիթ Սարգսյանը` հավելելով, որ գնումների գործընթացը առավել թափանցիկ դարձնելու համար արդեն ստեղծվել են պայմաններ, որ, բացի տարեկան հաշվետվություններից, կարելի է գնումների ավարտված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն գտնել արդեն ամսական կտրվածքով:
Ֆինանսների նախարարի հավաստմամբ` մինչեւ անցյալ տարվա վերջը գնումների փաստաթղթերի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազա գոյություն չուներ, իսկ այսօր այդ խնդիրն արդեն լուծվել է: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ գնումների ոլորտում բողոքարկման խորհուրդների աշխատանքների բնույթն է փոխվել. հիմա եթե ինչ-որ մեկը դիմել է բողոքարկման խորհուրդ, այլեւս այդ բողոքը հետ վերցնել հնարավոր չէ, այլ մինչեւ վերջ պետք է քննություն անցկացվի` պարզելու համար, թե ինչ խնդիրներ կան:
Դավիթ Սարգսյանի ներկայացմամբ` այժմ գնումների ոլորտում որդեգրվել է այն ուղեգիծը, որ պետությունը չի կարող, որպես մեծածախ գնորդ, ավել բարձր գներով որոշ ապրանքներ ձեռք բերել, քան դրանց գներն են մանրածախ շուկայում: Դավիթ Սարգսյանը ՎՊ-ի գնահատականի հետ` թե պետբյուջեի միջոցներից շուրջ 700 միլիարդ դրամը գտնվում են ռիսկային տիրույթում, համաձայն չէ, քանի որ, նշում է, 700 միլիարդի գնումներ մեզ մոտ գոյություն չունեն: Այդ գնումների պլանը, որ հաստատվում է, 262 միլիարդ դրամ գումար է:
Ֆինանսների նախարարը համաձայն չէ նաեւ ՎՊ այն գնահատականի հետ, թե խորհրդատվությունների վրա ծախսվող գումարներն անարդյունավետ են, ու նշում է, որ բոլոր վարկային ծրագրերից միասին միայն 7 տոկոսն է ուղղված եղել խորհրդատվություններին: