կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 16:13
Տնտեսական

Ֆինանսների նախարարը համաձայն չէ, թե երկրից 6,2 միլիարդ դոլար փող է ապօրինի դուրս հանվել

Ֆինանսների նախարարը համաձայն չէ, թե երկրից 6,2 միլիարդ դոլար փող է ապօրինի դուրս հանվել

Global financial integrity (GIF) միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` 2007-2011 թվականներին Հայաստանից գումարների ապօրինի արտահոսքը կազմել է 6.2 միլիարդ դոլար: Ըստ զեկույցի` 2007-2011 թթ. ընթացքում  երկրից տարեկան ապօրինի կերպով հանվել է 1 միլիարդ դոլար: Տնտեսագետների համոզմամբ' սրանք այն գումարներն են, որ օլիգարխները, արտոնյալները, իշխանությունների բարձր հովանու ներքո, ապօրինի կերպով դուրս են բերել երկրից:

 

Այս առումով ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը լրագրողներին ասաց, թե այսօր առկա ֆինանսական ցուցանիշները նման հետեւություններ անելու հնարավորություն չեն տալիս:

 

«Հակառակը' ես չեմ կիսում այդ հետեւությունները եւ չեմ կարծում, որ ե'ւ այդ թվերը, ե'ւ այդ հետազոտությունն իսկապես արտացոլում են հենց առկա  իրավիճակը: Ես չեմ ժխտում, որ հնարավոր են այս կամ այն, ինչ-ինչ ապօրինի կերպով ձեռք բերված միջոցների ապօրինի լվացման փորձեր, բայց  ՀՀ համապատասխան օրենսդրությունը եւ ֆինանսական դիտարկումների կենտրոնը, որ մենք ունենք ԿԲ կազմում, լիարժեք կատարում են իրենց գործառույթներն այդ առումով, եւ բոլոր միջազգային կազմակերպությունները փաստում են, որ այդ կառույցի եւ, ընդհանուր առմամբ, փողերի լվացման դեմ պայքարի բոլոր նախաձեռնություններն ու աշխատանքները, որ իրականացվում են ՀՀ-ում, համապատասանում են միջազգային ստանդարտներին: Այդ առումով ես չեմ կարծում, որ վկայակոչված տվյալները եւ կոնկրետ այդ կազմակերպության վկայակոչած տվյալները համապատասխանում են իրականությանը»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

 

Լրագրողների դիտարկմանը, թե մեկ այլ' «Փոլիսի ֆորում Արմենիա» միջազգային կազմակերպությունը եւս նույնատիպ զեկույց է հրապարակել, եւ դրա հրապարակած ցուցանիշները շատ չեն  տարբերվում GFI-ի զեկույցի արդյունքներից, արդյո՞ք նման զեկույցները չեն ազդում երկրի  վարկանիշի վրա, ինչի հետեւանքով նաեւ ներդրումներն են պակասում, ֆինանսների նախարարը պատասխանեց, թե ինքը չի կարծում, որ ՀՀ վարկանիշը նվազել է, այլ` ընդհակառակը: Իսկ նախարարին հայտնի է երեք կազմակերպություն, որոնց վարկանիշները ընդունում են այս երկրագնդում բոլորը, դրանք են' «Ստանդարտ ընդ փուըրս»-ը, «Մուդիս»-ը եւ «Ֆիտչ»-ը:

 

«Մնացած բոլոր վարկանիշավորողները, իհարկե, շատ հետաքրքիր վարժություններ են տնտեսագետների համար, բայց ոչ ավելին: վատ է դա, թե լավ, չեմ կարող ասել, բայց աշխարհն ու ներդրողներն ընդունում են այդ 3 ընկերությունների տված վարկանիշները»,- ասաց նախարարը եւ հավելեց, թե Հայաստանի Հանրապետութփյան վարկանիշն այս պահի դրությամբ տալիս են «Մուդիսն» ու «Ֆիտչը»: Իսկ «Մուդիսի»  վերջին վարկանիշով, որը անցյալ տարվա օգոստոսին էր թարմացվել, Հայաստանի վարկանիշը մնացել էր նույնը, բայց բացասական կանխատեսումը փոխվել էր կայուն կանխատեսմամբ, ինչը, պարզաբանեց նախարարը,  նշանակում է, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում Հայաստանում որեւէ բացասական իրավիճակ կամ իրադրություն չի ստեղծվի, որի արդյունքում վարկանիշը կվատթարանա:

 

Երկրորդը' նախարարը կարծիք հայտնեց, որ Հայաստանի նորդրումային վարկանիշն ունի ունիվերսալ գնահատման միայն մեկ միջոց, մնացած բոլորը ուղղակի հետաքրքիր վարժություններ են: Եվ այդ միակ միջոցը այն ռեալ կանխիկ գումարն է, որը ներդրողները ներդրում են Հայաստանում:

Եթե 700 միլիոն դոլարի եվրոբոնդեր ձեռք բերողները' ներդրողները կատարողները ՀՀ-ին տրամադրել են  գումարներ, ասաց Դավիթ Սարգսյանը, ընդ որում' պահանջարկը գերազանցել է այդ 700 միլիոնը մի քանի անգամ, ապա ներդրումային գրավչության տեսանկյունից  ոչ միայն վատթարացում չկա, այլեւ Հայաստանի Հանրապետությունը շատ նորմալ ու այդ առումով գրավիչ երկիր է:

 

Ներդրումների պակասելու առումով էլ Դավիթ Սարգսյանը նշեց հարեւոն եւ գործընկեր երկրների տնտեսություններում գրանցվող տնտեսական իրավիճակները, որոնք անպայման անդրադառնում են Հայաստանի տնտեսության վրա: Իսկ զարգացող բոլոր երկրներից, այդ թվում Հայաստանից ու Ռուսաստանից, նշեց նախարարը, տարվա ընթացքում կատարված օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նվազում է: