Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում է թուրք գրող Քեմալ Յալչընը: Այսօր` Գյումրիում, վաղը` Վանաձորում, իսկ հոկտեմբերի 17-ին` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա գրողի «Հոգիս քեզնով կխայտա» գրքի հիման վրա համանուն ներկայացման պրեմիերան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Յալչընը նշեց, որ ծնվել-մեծացել է Թուրքիայում, բայց հեղաշրջման տարիներին ընդդիմադիր կեցվածքի պատճառով իրեն արտաքսել են երկրից: Գրողն ապաստան է գտել Գերմանիայում, 13 տարի չի կարողացել մուտք գործել Թուրքիա:
Գերմանիայում մանկավարժություն սովորելիս Յալչընի ուսուցչուհին` Մելինեն, հայ է եղել, որի միջոցով էլ իմացել է Ցեղասպանության մասին:
«Մինչ այդ գիտեի այն, ինչ սովորեցրել էին դպրոցում` հայերը դավաճան են: Մելինեն դասերի ժամանակ երբեք չի ասել իր` հայ լինելու մասին: Հետո, երբ հարցրի նրան, թե ինչո՞ւ չի պատմել իր պատմությունը, պատասխանեց, թե իր ցավը պատմելու չէ: Ես ասացի, որ ուզում եմ գրել այդ մասին, սակայն նա ինձ պատասխանեց, թե դրա համար պետք է գնամ Արևմտյան Հայաստան, գտնեմ վերապրողների, զրուցեմ նրանց հետ, և նոր միայն մենք կարող ենք հանդիպել ու զրուցել: Այդպես էլ արեցի»,- ասում է թուրք գրողն ու հավելում, որ Արևմտյան Հայաստան այցելելիս ապշել է` ինչպես կարող է մի վայրում, որտեղ ինքը մեծացել է, թաքնված լինել մի պատմություն, որի մասին տեղյակ չէ:
Այնուհետև թուրք գրողը Ցեղասպանության թեմայով սկսում է գրքեր գրել. նա այժմ 25 գիրք ունի հրապարակած, մեծ մասամբ` Ցեղասպանությանը նվիրված: Յալչընի գործերը թարգմանվել են 8 լեզուներով:
Ի դեպ, տարիներ առաջ, երբ Թուրքիայում Յալչընը տպագրում էր «Հոգիս քեզնով կխայտա» գիրքը, Թուրքիայի իշխանությունը հենց տպագրատանը գրքի ողջ` 3000 օրինակն այրել է տվել: Հետո արդեն գրողը դիմել է դատարան, շահել դատը, և թուրքական իշխանությւոնը ստիպված է եղել փակել գրքի երկրորդ հրատարակման ծախսերը:
Յալչընը նշեց, որ մամլո ասուլիսի է եկել անմիջապես Ծիծեռնակաբերդից: «Շատ հուզված եմ և գիտեմ, որ իմ արածը ձեր ցավի դեմ մի կաթիլ է ընդամենը: Գիտեմ` անելիքներ շատ կան, ես անում եմ այն, ինչ կարող եմ: Ցեղասպանությունը հիմա էլ է շարունակվում, քանի դեռ Թուրքիան չի ընդունել այն: Ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիան մենակ մնաց, միայն նա էր, որ լուռ էր, ասելիք չուներ»,- ասաց նա:
Ըստ գրողի` Ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի հողերի վերադարձմամբ, ինչպես նաև փոխհատուցմամբ ու մշակութային արժեքների վերականգնման պայմանով:
Յալչընը նշում է, որ երկու պետությունները պետք է գնան բարեկամության այն պայմաններով, ինչ հայերը կառաջարկեն:
«Երանի ես լինեի Թուրքիայի վարչապետը: Թուրքիայի իշխանությունները չեն փոխվել` հիմա էլ նորից արյուն են թափում, նրանց արյունը, ովքեր հավաքվել էին Անկարայում` հավասարության, ժողովրդավարության քարոզներով: «Գորշ գայլերի» խմբապետն օրերս հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, թե` մարդկանց արյան մեջ խեղդելու ենք: Թուրքիան կարծես միջնադարում մնացած լինի: Ցավում եմ իմ պետության համար էլ: Իսկ ձեզ` հայերիդ համար, կարող եմ միայն անել այն, ինչ անում եմ` մարդկանց գրքերիս միջոցով ծանոթացնել իրականությանը: Իմ զենքն իմ գրիչն է, և ես շարունակելու եմ կրակել դրանով»,- ասաց գրողը: