Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
T24-ի թղթակից Ջելալ Բաշլանգըչըն «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Սարգիս Սերոբյանի մահից հետո հրապարակել է հոդված, որում պատմել է նրա հետ Հայաստան կատարած հաճելի ճանապարհորդության և Սերոբյանի՝ մանուկ հասակում չլսած «հեքիաթների» մասին:
Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:
«Դեռ պիտի ճանապարհորդեինք: Հայաստան, Ղարաբաղ պիտի գնայինք Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սակայն այժմ քեզ ճանապարհում ենք դեպի օվկիանոսների անվերջություն: Ճանապարհիդ լույս լինի, Սարգի’ս եղբայր:
Գրեթե րոպեներ էին մնացել օդանավի թռիչքին:
Վազեվազ ներխուժեցինք Երևանի օդանավակայանից ներս:
Հայաստան կատարած մեկշաբաթյա այցից հետո մեր այցելած Լեռնային Ղարաբաղից վերադարձի ճանապարհին մեր մեքենան սահել էր սառույցի վրա, և ավտովթարի հետևանքով ուշացել էինք թռիչքից: Մեծ խցանում կար մեր առջեւ: Եթե չհասցնեինք թռիչքին, ամենաքիչը չորս օր հետո պիտի կարողանայինք վերադառնալ Կ.Պոլիս:
Ահա հենց այդ պահին նախ թվաց՝ երկինքն է թնդում, մի ասա՝ հայերեն գոռգոռում է: Միակ բառը, որ հասկացել էի, «Ղարաբաղ»-ն էր:
Սարգիս Սերոբյանի ձայնը լսած ամբոխը մի անգամից կիսվեց, ասես՝ Մովսեսի գավազանը տեսած Նեղոս գետը (հավանաբար նկատի ունի Կարմիր ծովը-խմբ.):
Ծափահարությունների, սուլոցների և որոտացող ողջյունների միջով անցնելով՝ ինքներս մեզ գտանք օդանավի դռան մոտ: Արյուն-քրտինք էինք կապել, բայց չկարողացա չհարցնել. «Ի՞նչ գոռացիր, որ մարդիկ միանգամից ճանապարհ բացեցին մեզ համար»:
Թռիչքին հասնած լինելու հանգստությունից ժպտալով՝ ասաց. «Ասացի՝ Ղարաբաղից ենք գալիս»:
Ըստ երևույթին՝ բախումների` դեռ նոր ավարտված շրջանում մեզնից միակ հայ` Սերոբյանի՝ «Ղարաբաղից ենք եկել» խոսքը պատճառ էր դարձել, որ տարածքում գտվողները մեզ «Ղարաբաղյան պատերազմի մասնակից» կարծեին և ծափողջյուններով հասցնեին օդանավ, որից ուր որ է` ուշանում էինք:
Իրականում՝ մեր ճանապարհորդության պատճառը մեկ շաբաթ Հայաստան այցելելն էր:
Hürriyet-ից՝ Սեբաթի Քարաքուրթը, Milliyet-ից՝ Նազըմ Ալփմանը, «Ակօս»-ից՝ Սարգիս Սերոբյանն ու Radikal-ից՝ ես…
Այդ կազմից միակ մարդը, որին չէի ճանաչում, Սարգիս Սերոբյանն էր: Ճանապարհ դուրս գալուց առաջ, երբ հանդիպել էինք, Հրանտ Դինքն ասել էր. «Սարգիս եղբայրին շատ ես սիրելու, մարդու պես մարդ է»:
1999 թվականի դեկտեմբերի առաջին շաբաթն էր, որ սկսվեց Հայաստան մեր ճանապարհորդությունը: Այցելությունն ավարտվել էր, բայց մենք լրագրողական կրքոտությամբ անընդհատ ասում էինք. «Ուզում ենք անպայման Լեռնային Ղարաբաղն էլ տեսնել: Ամեն օր լսում, կարդում ենք ԼՂՀ-ի մասին լուրեր: Այսքան մոտ լինելուց հետո ետ չենք դառնա»:
Հայաստանի պաշտոնյաների՝ «մի’ գնացեք, Ղարաբաղը դեռ նոր է պատերազմից դուրս եկել, կան թուրքական զենքեր, Թուրքիայից եկած կռվողներ, մի փորձանք կգա ձեր գլխին» խոսքերն անգամ մեզ ետ չէին պահում:
Հայաստանից Ղարաբաղ ձգվող, վազվզոցով և փորձանքով լի այդ ճանապարհորդությունով էլ սկսվեց Սարգիս Սերոբյանի հետ մեր ընկերությունը:
Այնքան ծանր հեքիաթ է, որ չի կարող պատմվել
2004 թվականի մայիս ամիսն էր: Սերոբյանի հետ Իսթիքլալ փողոցի Իմամ Ադնան թաղամասը մտանք:
Մեր երբեմն տեղի ունեցող հանդիպումներից էր: Բայց նախ գնալու էինք թատրոն. «Հեքիաթների հարսանիքը» անունով մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել: Առաջինը՝ «Քուրմանչի հեքիաթ»-ն էր (քրդերեն բարբառ): Երկրորդը միջոցառումը «Հայերեն հեքիաթ»-ի մասին էր և պատմողը Սերոբյանն էր:
«Ինձ հեքիաթ չեն պատմել»,- այսպես սկսեց իր խոսքը Սերոբյանը:
«Ինձ պատմված հեքիաթը տեղահանության ժամանակ Սև ծովի ափից սկսած, Ակն ձգված և Մալաթիայի որբանոցներից մեկում ավարտված մի ճանապարհորդության մասին է: Մորս, մեծ մորս, հորաքույրներիս և քեռուս անցած ճանապարհի մասին եմ խոսում: Նրանք միշտ այս մասին պատմեցին ինձ: Օրորոցայինի փոխարեն գիշերը քնելու համար այդ մասին էին պատմում մայրս, մեծ մայրս: Հետո մեկ այլ երկրում գտա քեռուս: Նա էլ նույն հեքիաթը պատմեց ինձ: Չեմ ուզում եմ այդ հեքիաթը պատմել ձեզ, չեմ ուզում ձեզ տխրեցնել: Քանի որ իսկապես ծանր հեքիաթ է»:
Միջոցառման ընթացքում բոլոր հեքիաթները պատմեց Սերոբյանը: Առաքինության և համեստության մայր, պտղաբերության, արգասավորության և ծննդաբերության աստվածուհի Անահիտի… Հայերի՝ փոթորկի, անձրևի, ամպի, կրակի, ուժի և հաղթանակի աստված Վահագնի… Հայերի ամենահին աստվածներից Արայի և Ասորեստանի թագուհի Ֆլամիրամի, ասյսինքն՝ Շամիրամի հեքիաթը… Բայց ոչ մի կերպ չկարողացավ պատմել իր մանկության` «իսկապես ծանր հեքիաթները»:
1995-ին, այսինքն՝ ուղիղ 60 տարեկանից հետո Հրանտ Դինքի հետ հատված ուղիները Սերոբյանին տանում են մինչև լրագրության, «Ակօս»-ի հիմնադրում ու հայերեն էջերի խմբագրում:
Հրանտ Դինքի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հոդվածի պատճառով Արատ Դինքի հետ դատապարտվել էր Շիշլիի քրեական 2-րդ դատարանում: Հրանտ Դինքին դեպի սպանություն տարած այդ անիծյալ 301 հոդվածով նա դատապարտվել էր պայմանական մեկ տարվա ազատազրկմամբ:
Հետո՝ 2007 թվականի նոյեմբերին, հոդված էր գրել ՝ քննադատելով Հրանտ Դինքի դատապարտությունը:Այս անգամ էլ մեղքը «թրքությունը վարկաբեկել» և «դատարանի վրա ազդելու փորձն» էր: Թեեւ այդ «հանցագործությունից» ազատվել էր, սակայն չէր մտահոգվում՝ կդատապարտվի, թե՝ ոչ:
Քանի որ նա մանուկ հասակում երբեք հեքիաթ չէր լսել: Նրա «հեքիաթները» Ցեղասպանության մասին էին, և դրանք երբեք չէին լքել նրան: Այդ պատճառով ոչ ոք չէր կարող նրան պատմել «կատարվածի սուտ լինելու» վերաբերյալ ինչ-որ «հեքիաթ»:
Անգամ` Սերոբյանի «հեքիաթի» վերաբերյալ մի ծրագիր էինք որոշել մշակել. ապրիլի 24-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստան, Երևան, անգամ` Լեռնային Ղարաբաղ պիտի գնայինք…
Պարզվեց` շատ մոտ տեղ գնալու համար ենք պայմանավորվել:
Հիմա Սարգիս Սերոբյանին ավելի երկար, դեպի օվկիանոսների անվերջություն ենք ճանապարհում:
Այնքան վստահ եմ, որ նա այս ճանապարհորդությանն է դուրս եկել՝ վստահելով մի «հեքիաթի», որի համաձայն՝ մի օր մարդիկ իմանալու և ընդունելու են բոլոր ճշմարտությունները…
Մնաս բարով, Սարգի’ս եղբայր, ճանապարհդ լուսավոր լինի…
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի