Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք գրող Սերքան Էնգինը Հայոց ցեղասպանության մասին գրում է.
«Դարձյալ` երբե’ք:
Ինչո՞ւ եմ ես բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում: Ինչո՞ւ եմ ինքս ինձ փորձանքի մեջ գցում: Հիմա՞ր եմ:
Ես բարձրաձայնում եմ Հայոց ցեղասպանության մասին, քանի որ դա իմ խղճի պարտականությունն է: Սա իմ բարոյական պարտքն է՝ որպես ազնիվ և պատվավոր մտավորականի: Իմ պարտքն ու պարտականությունը՝ մարդկությանը:
Ուզում եմ խոսել ասորական, քաղդեական և Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին, որովհետև Թուրքիայում պետք է բարձրաձայնել ճշմարտությունների մասին` ի դեմ, այսպես կոչված, պաշտոնական պատմությանը:
Ես այն երեխան եմ, ով գոչում է` թագավորը մերկ է: Ես անձս նվիրում եմ ճշմարտությանը՝ կյանքիս և ազատությանս գնով, քանզի ցանկանում եմ ստեղծել և բարձրացնել իրազեկությունն այդ վայրագությունների մասին, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործությունները չկրկնվեն: Մենք քաղաքակրթության մեջ խղճի կարիք ունենք:
Ես հրաժարվում եմ «հպարտանալ» իմ նախնիներով, ովքեր բռնաբարել են փոքրիկ աղջիկների, այրել ողջ երեխաների, գերեվարել կանանց և դաժանաբար սպանել միլիոնավոր անմեղ մարդկանց:
Ես հրաժարվում եմ ամեն առավոտ դպրոցի խաղահրապարակներում գոռալ՝ ուրախ է նա, ով թուրք է: Ես մերժում եմ այն կրթահամակարգը, որ երեխաներին պարտադրում է ռասիստական կարգախոս, ինչպիսին է՝ «Մեկ թուրքը հավասար է ամբողջ աշխարհին»: Ես չեմ ուզում տեսնել որևէ ֆաշիստ երիտասարդի իմ կամ որևէ այլ երկրում: Մեր երեխաներին պետք է սովորեցնենք, որ աշխարհում բոլորն իրար հավասար են՝ անկախ ծագումից, լեզվից, դավանանքից կամ սեռից: Ես այնպիսի կրթահամակարգ եմ ուզում, որը բացահայտում է արվեստի, փիլիսոփայության և գիտության կարևորությունը:
Ես դեմ եմ բոլոր տեսակի հերոսական հեքիաթներին, քանի որ քաղաքական գործիչները, գեներալներն ու զենք արտադրող ընկերությունները դրանք օգտագործում են իրենց օգտին, որպեսզի կարողանան պատերազմի ուղարկել աղքատ երիտասարդներին ՝ միմյանց սպանելու:
Ես հակամիլիտարիստ եմ և հպարտ եմ դրանով: Իմ միակ զենքն իմ սիրտն ու գրիչն են:
Ես՝ որպես միջազգայնագետ, սոցիալիստ բանաստեղծ և հեղինակ, կանգնած եմ աշխարհում բոլոր այն մարդկանց մեջքին, ովքեր ճնշված են, և իմ առաքելությունն է լինել նրանց ձայնը: Ես չափահասի մարմնում այն երեխան եմ, ով ուզում է ամբողջ աշխարհը սիրել մանկական անաղարտությամբ»:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի