Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-10-10 14:20
Տարածաշրջան

Քոբանիում կկրկնվեն 1915 թվականին հայերի կրած տառապանքները. պատմում է թուրք գրողը

Քոբանիում կկրկնվեն 1915 թվականին հայերի կրած տառապանքները. պատմում է թուրք գրողը

Այժմ, երբ Քոբանին դարձել է ԻՇԻՊ-ի հարձակումների թիրախը, և որտեղ անխուսափելի է դարձել ցեղասպանության իրագործումը, թուրք գրող, լրագրող, խմբագիր Սերդար Քորուջուն «Ակօս»-ում գրել է, թե ի՞նչ վիճակում էր գտնվում Քոբանին Հայոց ցեղասպանության ժամանակ:

 

Ստորև ներկայացնում ենք հոդվածը:

 

Աշխարհի ուշադրությունը «Իսլամական պետություն» անունով իրեն խալիֆայություն հռչակած կազմակերպության թիրախը դարձած քրդական Քոբանիի՝ Սիրիայի պետության և արաբների «Այն էլ Արաբ», այսինքն՝ «արաբի աչք, արաբական գարուն» կոչված տարածքի վրա է: Սակայն ամենամեծ մտահոգությունն այն է, որ 1915 թվականին ականատես այս հողերը դարձյալ ականատես են լինում մի նոր ցեղասպանության: 20-րդ դարասկզբին Քոբանին 1912 թվականին բացված Քոնիա-Բաղդադ երկաթգծի սովորական կանգառ էր: Իսկ վերջին շրջանում օրակարգում հայտնվելու պատճառը ԻՇԻՊ-ի` սեպտեմբերի 15-ին Քոբանիում գերիշխող YPG-ի դեմ (Սիրիայում գերիշխող քրդական միություն, «Դեմոկրատական միություն» կուսակցության թև) հարձակումն է:

 

Ներքին պատերազմից առաջ այնտեղ ապրում էր մոտ 200 հոգի, սակայն վերջին շրջանում, երբ բնակչության թիվը կրկնապատկվեց դեպի հյուսիս գաղթողներով, կարևոր տարածք դարձավ և' ԻՇԻՊ-ի, և'  YPG-ի համար: Թեեւ ԻՇԻՊ-ը նախապես հայտնել էր «Այն էլ Արաբ»-ը «Այն էլ Իսլամի» վերածելու` իր մտադրության մասին, YPG-ի համար այդ տարածքը շարունակում էր մնալ կարևոր, հատկապես այն բանի համար, որ 1979 թվականի հուլիսի 2-ին Աբդուլլահ Օջալանը (Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ) անցել է Սուրուչ շրջանն ու հասել Քոբանի:

 

Այսօր քուրդ ղեկավարները նախազգուշացնում են, որ Քոբանիի կենտրոնը գրավելու դեպքում ԻՇԻՊ-ը ցեղասպանություն կիրագործի: Ամենամեծ մտահոգությունն այն է, որ կկրկնվեն 1915 թվականին հայերի կրած տառապանքները:

 

Այրված դիակներ

 

Հայոց ցեղասպանության տարիներին տարածաշրջանում կատարված իրադարձություններն արտացոլված են Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վոլտեր Ռոսլերի՝ կանցլեր Բեթման Հոլվեգին ուղարկած նամակներում, որում Քոբանիի մասին  խոսվում է «Արաբական գարուն» անունով:

 

1915 թվականի օգոստոսի 13-ին Վոլտեր Ռոսլենը զեկույցում անդրադարձել է օգոստոսի 11-ին իրեն ուղղված` «մի ավստրիացու գրառումներ»-ին: Դրանցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ այրում էին տարածաշրջանում Ցեղասպանության ենթարկվածների մարմինները: «Ուրֆա-Արաբական գարուն ճանապարհին, հավանաբար` մթությունից, դի չէի տեսնում: Սակայն այդ ճանապարհն անընդհատ անցնող սայլապանս ողջ ճանապարհին ցույց էր տալիս այրված դիակները. ուր դի էին տեսնում, այրում էին»:

 

56 աստիճան ջերմաստիճանում

 

Այդ գրառումների մեջ անդրադարձել են նաև Ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած աքսորին:

 

«Ոմանք տանջվելով, կաղալով և ճչալով են առաջանում: Երբ հանդիպում են մարդու, ծնկի են գալիս, օգնություն աղաչում, խնդրում փրկել իրենց կամ՝ առաջարկում վերցնել իրենց երեխաներին: Աքսորի ժամանակ` 56 աստիճան ջերմաստիճանում, ծարավ, շատերը հոգնությունից են մահանում, մնացածները ևս հաստատ կմահանան»:

 

Ուրֆայից դեպի Սիրիայի անապատներ ձգվող ճանապարհին գտնվող շրջանը Ցեղասպանության շատ զոհերի համար դարձավ մահի վերջին կանգառը: Ցեղասպանությունից փրկված, 1902 թվի ծնված Սուրեն Սարգսյանը Վերժինե Սվազլյանի աշխատությունում մահվան ճանապարհորդությունը այսպես է նկարագրում. «Մեզ տարան Ուրֆա, այնտեղից էլ չոլեր՝ ամայի, և աքսորեցին ընդամենը մի քանի ծառ եղած վայրեր: Այդ գիշեր անձրևեց, և սառը քամի փչեց. հազարավոր մարդիկ էին մահացել… »:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի