Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը խոսել է ԵԱՏՄ շրջանակներում ռուբլիով առևտրին անցնելու հնարավորության մասին: Հիշեցնենք, որ ռազմավարական կարևոր ապրանքների առևտուրը ռուբլիով հաշվարկելու մասին առաջարկություն էր ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրեր առաջ Գրոդնոյում ԵՏՄ անդամ երկրների վարչապետերի հանդիպման ժամանակ:
Միքայել Մելքումյանը նշեց, որ ԵՏՄ-ն ենթադրում է մեկ միասնական տնտեսական միավորի ձևավորում, իսկ տնտեսական միասնական միավորի անբաժան մասն է փոխհաշվարկային համակարգը: Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ, վաղ, թե ուշ, մենք պետք է անցնենք միասնական արժույթով միասնական փոխհաշվարկային միավորներով առևտրի կազմակերպմանը:
«Վարչապետի առաջարկը շատ տեղին էր, և եթե խոսքն էներգակիրների մասին է, ապա մենք Ռուսաստանից ներկրում ենք 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ, ևս 450 միլիոն ներկրում ենք Իրանից: Եվ եթե 1,7 միլիարդը մենք բազմապատկենք 169 դոլարով, կստանանք մոտ 350 միլիոն դոլար գումար միայն գազի գծով: Եվ եթե սրան էլ գումարենք դիզվառելիքի, նավթամթերքի ներկրումը, ապա կստացվի մոտ 650 միլիոն դոլար, և դա դոլարային ծածկույթով Ռուսաստանին վճարելը Հայաստանի համար մեծ բեռ է»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ է դա ձեռնտու Ռուսաստանին, պատգամավորը կարծիք հայտնեց. «Ձեռնտու է նրանց, թե` ձեռնտու չէ, մենք, վաղ, թե ուշ, պետք է անցնենք ֆինանսահաշվարկային մեկ միավորի: Բա էլ որտե՞ղ պետք է դրսևորվի Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դերը, և պետք է գտնել համաձայնեցված լուծումներ»:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ շուտով ԵՏՄ երկրները կանցնեն մեկ միասնական հաշվարկային միավորի, իսկ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որը պաշտոնական առաջարկ էր, ԵՏՄ անդամ երկրները չեն կարող հաշվի չառնել:
Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական շրջանակներում արագ արձագանք չեղավ Հովիկ Աբրահամյանի առաջարկին, պատգամավորը կարծիք հայտնեց, որ նման հարցերում հնարավոր չէ հասնել արագ արձագանքի, մանավանդ՝ բյուջետային տարվա կեսից: Միաժամանակ, նա կարծում է, որ մեկ միասնական հաշվարկային միջոցի անցնելը որոշակի ժամանակ է պահանջում:
«Մենք չենք կարող միանգամից հրաժարվել դրամից, որոշակի ժամանակ է պետք, որ մենք նախապատրաստվենք ու ճիշտ փուլում անցնենք ռուբլու: Այս խնդիրը պարունակում է նաև քաղաքական բաղադրիչ, եթե հանկարծ միասնական արժույթի անցնելը չբխի մեր ազգային շահից, ուրեմն մենք պետք է չանցնենք այդ փոխհաշվարկներին»,- ասաց պատգամավորը: