կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 16:42
Տնտեսական

Հայաստանը դեռ պատրաստ չէ անցնել մեկ դրամահաշվարկային միավորի. Վարդան Այվազյան

Հայաստանը դեռ պատրաստ չէ անցնել մեկ դրամահաշվարկային միավորի. Վարդան Այվազյան

Երկու օր առաջ ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը  վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման հարցերով նախագահական հանձնաժողովի նիստում հրահանգել էր վերջ դնել երկրի ներսում հաշվարկների ժամանակ օտարերկրյա արժույթի օգտագործման պրակտիկային: ՌԴ նախագահը նշել էր, որ դա արգելված է օրենքով, թեև նման հաշվարկներ արվում են պարբերաբար: 

Ըստ էության՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը` ստրատեգիական կարևոր ապրանքների առևտրի հարցում հաշվարկը կատարել ռուբիով, բավարարվել է: Այս թեմային Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով` Պուտինի այդ հայտարարությունը, բնականաբար, շատ ողջունելի է: «Ռուսաստանի պես երկրի ղեկավարի կողմից նման հայտարարություն լսելը շատ կարևոր էր, որովհետև ցանկացած գործարար կփաստի, որ տնտեսական գործունեությունը նորմալ իրականացնելու համար ռուբլիով վճարելը ավելի ձեռնտու է: Դոլարով հաշվարկելու դեպքում մենք հաճախ ընկնում էինք ոչ հարմար և ոչ նպաստավոր վիճակի մեջ»,- ասաց նա` հավելելով, որ գործարարների համար անկանխատեսելի էր, թե ինչ տեղի կունենա ռուբլու հետ հետագայում, և թե ինչքան իրենք կկորցնեին փոխարժեքի տատանումների ժամանակ:

Հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է, որ Պուտինի այդ հայտարարություննը առաջին քայլն է մեկ միասնական դրամահաշվարկային միավորի ստեղծման ճանապարհին, Վարդան Այվազյանը կարծիք հայտնեց, որ թեև ինքը դեմ չէ մեկ միասնական դրամահաշվարկային միավորի ստեղծմանը, այնուամենայնիվ, դրա համար բազմաթիվ նախադրյալներ պետք է լինեն:

«Եթե մենք գնանք միասնական կոոպերացիայի, եթե ԵՏՄ շուկաների համատեղ օգտագործման համար այստեղ լինեն միասնական գործոններ, ծրագրեր, կոոպերացիաներ կամ այլ շուկաներ դուրս բերելու համար միասնական քայլեր, ապա միասնական հաշվարկային միավոր ստեղծելը սխալ չի լինի: Պարզապես այդ փուլին դեռ պետք է հասնել, ռիսկեր շատ կան, դրան պետք է բնականոն հասնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե Հայաստանը  դեռ չի՞ հասել այդ փուլին, պատգամավորը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ` դեռ ոչ, մենք դեռ դրան պատրաստ չենք, դրան պետք է հասնել, բայց, ապագայի առումով, դա շատ ողջունելի է»:

Վարդան Այվազյանը դրամավճարային միասնական միավորի ստեղծման գործում չի տեսնում անկախության կորուստ, որովհետև, ըստ նրա, միջազգային համաձայնությունների գնալիս պետությունները, իհարկե, որոշակի ատրիբուտներ կարող են զիջել, բայց եթե հակառակ  տրամաբանությամբ գնան, ապա պետությունը պետք է մեկուսանա ու ոչ մի այլ պետության հետ չշփվի:

Հարցին՝ արդյո՞ք ԵՏՄ-ն չի հակադրվի ԵՄ-ին, եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ ստորագրել ոչ միայն իրավական, այլ նաև տնտեսական բնույթի որոշ փաստաթղթեր, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ պետք չէ հակադրել ԵՏՄ-ն ԵՄ-ին, և որ ստորագրվելիք փաստաթուղթն անգամ հակասության մեջ չի լինի ԵՏՄ պայմանագրի հետ:

«Անդամակցությունը պարզապես խաղի կանոն է: Ասոցացումն ասում է՝ ապրանքների միասնական դրույքաչափ եմ սահմանում, իսկ ԵՏՄ-ն ասում  է` եկեք՝ մեկս մյուսիս հետ առանց մաքսատուրքի առևտուր անենք, բայց որոշակի ապրանքատեսակներ, որոնք մենք արտադրում ենք, դրսից բերողի համար բարձր դնենք, որ մենք կարողանանք մեր շուկան պաշտպանել»,- բացատրեց Վարդան Այվազյանը: