Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփման քննարկումից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագորղների հետ զրույցում հայտարարեց, որ այս միջոցառումը չափազանց կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս արձանագրելու վերջին երկու-երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը և այդ ուղղությամբ կատարվելիք ապագա աշխատանքները:
«2014-2015 թվականների ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների թիվը 15-ից հասավ 24-ի: Ցեղասպանության ժխտումը քրեականացնող երկրների թիվը հասավ 4-ի: Չափազանց կարևոր է միջազգային տարբեր պետությունների արձագանքը: Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մասին չմոռանանք, որը ոչ միայն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաև կոչ է անում Թուրքիային` առերեսվել իր իսկ պատմության հետ»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով`կարևոր է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևը, որի հեղինակը Հայաստանն է: «ՄԱԿ-ը դեկտեմբերի 9-ին ընդունեց սպանություններրի դատապարտման բանաձև: Այդ օրը նաև Ցեղասպանությունների զոհերի ճանաչման օր է: Կարևոր է նաև այն, որ Հայաստանն էլ, իր հերթին, ճանաչեց հույների և ասորիների ցեղասպանություն»,- ընդգծեց փոխարտգործնախարարը:
Նա անդրադարձավ նաև 100-րդ տարելիցին հաջորդող մեր հետագա գործողություններին: «Այն բոլոր ուղղություններով աշխատանքները, որոնք կատարվել են, շարունակվելու են: Նոր համախմբվածության որակի վրա պետք է աշխատենք: Շատ լուրջ կառույցների հետ ենք համագործակցել, և այդ համագործակցությունը պետք է շարունակվի: Ի վերջո, մեր գլխավոր նպատակն այն է, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց նաև, որ շատ կարևոր ձեռքբերում է այն, որ Հայոց ցեղասպանությունն ամբողջ աշխարհի աչքերում բոլորովին այլ ընկալում ստացավ: