Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերթերթև քաշային կարգի WBA, WBO, WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանն այս օրերին Հայաստանում է: Այսօր տեղի ունեցավ մարզուհու մամուլի ասուլիսը: Սկզբում Կենտիկյանը խոսեց Հայաստանում իր տպավորությունների մասին:
- Արդեն երեք օր է ինչ այստեղ եմ: Շատ կարոտել էի Հայաստանը: Վերջին անգամ 4 տարի առաջ էի եղել այստեղ և որոշեցի, որ պետք է գամ, տեսնեմ իմ հարազատներին և իմ հայրենիքը: Այս 3 օրերի ընթացքում հանդիպում եմ ունեցել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանի հետ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
-Հաջորդ մենամարտում պաշտպանելու եմ չեմպիոնական գոտին և հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն դեռ հայտնի չէ, թե ով կլինի իմ մրցակիցը: Այժմ Գերմանիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել իմ մասին, որտեղ նաև կլինի հատված իմ` Հայաստան այցելության վերաբերյալ:
-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել բռնցքամարտով:
-Փոքր հասակում զբաղվել եմ տարբեր սպորտաձևերով, սակայն իմ դուրը շատ եկավ հենց սա: Երբ սկսեցի զբաղվել բռնցքամարտով, այդ ժամանակ մարզվողների մեջ միայն ես էի աղջիկ: Այդ ժամանակ ես հաճախում էի դպրոց, այնուհետև` մարզումների, իսկ մարզումներից հետո նույնիսկ գնում էի աշխատանքի: Մեր ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում էր այդ ժամանակներում, իսկ մեզ փորձում էին դուրս հանել Գերմանիայից, սակայն երբ իմացան, որ ես զբաղվում եմ սպորտով, արդեն Գերմանիայի անձնագիր տրամադրեցին մեզ: Բռնցքամարտն իմ կյանքն է, և ես չեմ պատկերացնում ինձ առանց այս սպորտաձևի:
-Ո՞րն է քեզ համար ամենամեծ ձեռքբերումը:
-Ինձ համար ամենամեծ ձեռքբերումը աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելն է եղել, իսկ դրանից հետո կրած պարտությունից հետո ես շոկի մեջ էի: Հաջորդ մենամարտում կրկին հաղթանակ տոնեցի և կրկին նվաճեցի չեմպիոնական գոտին: Դա ինձ համար ամենամեծ ուրախությունն էր: Ամեն ինչ կանեմ, որ իմ կարիերան ավարտեմ չեմպիոնական մենամարտով: