կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 18:08
Քաղաքական

Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որը որդնացնում է բոլոր խնձորներին. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որը որդնացնում է բոլոր խնձորներին. Շավարշ Քոչարյան

Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունված հակահայկական զեկույցին: Պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին՝ Շավարշ Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2013թվականի հենց այդ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերն էր ղեկավարում այն դիտորդական առաքելությունը, որը դիտարկում էր իրականացնում Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ: «Եվ նա ներկայացրեց մի խայտառակ զեկույց, որը շատ ուժեղ հարված էր Եվրոպայի խորհրդի վարկանիշին: Այդ զեկույցում փայլուն էին որակվում 2013թվականի խայտառակ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Դրանից հետո Գարդիան հեղինակավոր թերթը բառացի գրել էր, որ արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսյա գորգեր և գումարներ: Սա  Գարդիան թերթն է գրել այդ նույն Ուոլթերի և նրա թիմի մասին»,- ասաց Քոչարյանը` հավելելով`դրանից հետո Հայաստանը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է մի դաշտում, որտեղ փորձում են գումարներով պայքարել քարոզչության դաշտում: Քոչարյանն ընդգծեց նաև, որ շատ դժվար է նման կառույցներում հակադրել ադրբեջանական ահռելի նավթադոլարներին: «Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը հետևողական գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է մարդկանց և նրանց գործունեությունն այդ դեպքում ազդում է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա: Ես մի կոպիտ համեմատություն անեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է այնտեղ ու որդնացնում է բոլոր խնձորներին: Այսինքն, որդն ընկել է Եվրոպայի խորհուրդ, և դա հենց Եվրոպայի խորհրդի կարևորագույն խնդիրն է, որովհետև այդ կառույցն ուղղված է մարդու իրավունքներ, եվրոպական արժեհամակարգ քարոզելուն: Եվ ստացվում է, որ Եվրոպայի խորհուրդը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը կարող է հրապարակային հայտարարել. «Եվրոպայի խորհուրդը մերն է»: Պատկերացնում ե՞ք՝ ավտորիտար, դիկտատորական Ադրբեջանի ձեռքում է գտնվում Եվրոպայի խորհուրդը»,- վրդովված հայտարարեց Քոչարյանը: