Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային առաջին փառատոնի «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառմանը շրջանակներում կցուցադրվի «Հոգիների աճուրդ» (երկրորդ անունը` «Ավրորա») հոլիվուդյան ժապավենը` հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։
Ռեժիսոր Օսկար Ափֆելի ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919-ի փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատարն ինքը՝ Արշալույս Մարտիկանյանն է։ Ֆիլմից պահպանվել է շուրջ 24 րոպեանոց ժապավեն, որը, հեղինակային իրավունքը տնօրինողների համաձայնությամբ, փառատոնին է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Կինոդիտմանը կհաջորդի հանդիպում-քննարկում փառատոնի հատուկ հյուրերից մեկի` հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատությունների, այդ թվում` 2005-ին Մոսկվայում լույս տեսած «Ճիչ Արարատից. Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտան ոչ միայն կխոսի հայերին նվիրված իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, այլև կպատմի իր նոր գրքի մասին, որի վրա աշխատում է այս օրերին:
Հանդիպումից հետո կցուցադրվի «Աուշվիտցն իմ ուսուցիչն է» 52 րոպեանոց իտալական ֆիլմը:
Տեղեկացնենք, որ հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն` Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը: