կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-07 11:58
Հասարակություն

Զորավարժությունները կարևոր էին, բայց` ուշացած

Զորավարժությունները կարևոր էին, բայց` ուշացած

Զորավարժությունները կարևոր էին, բայց նաև` շատ ուշացած. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց հոգեբան Ռուբեն Աղզումցյանը: Ըստ նրա` մենք միշտ չէ, որ պատրաստ ենք ճիշտ ընկալել իրադարձությունները, իսկ զորավարժություններն օգնում են պակասեցնել խուճապի զգացողությունը, թեև այս անգամ որոշ բացեր կային:

«Զորավարժությունները պատահական չէին անցկացվում, դա պետական քաղաքականություն էր, այն, կարծես, ստուգատես լիներ` ի՞նչ վիճակում է մեր պետությունը: Միակ խնդիրն այն էր, որ զորավարժությունները սկսելուց առաջ հանրությանը պետք էր լիովին լուսաբանել դրանց ընթացքի մասին, քանի որ ինֆորմացիայի պակասը մարդն ինքն է սկսում լրացնել, և արդյունքում` սկսում են խուճապի մեջ ընկնել»,- ասաց Աղզումցյանը` հավելելով, որ ինֆորմացիայի պակաս, այնուամենայնիվ, կար:

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն էլ նշեց, որ այս օրերի դեպքերը ցույց տվեցին մեր` պատերազմին պատրաստ լինելու աստիճանը:

«Փորձը ցույց տվեց, որ կա մարտունակ ժողովուրդ, որը պատրաստ է լուծել ցանկացած խնդիր: Մի լավ խոսք կա` պատերազմից խուսափելու լավագույն միջոցը դրան պատրաստվելն է, ուստի պրակտիկ գործողությունները շատ օգտակար են, իսկ դրանց սցենարը բավական արտահայտիչ և բարձր գեղարվեստականությամբ էր մշակված»,- ասաց նա:

Ըստ Դևրիկյանի` զորավարժությունները նաև առիթ էին` կյանքին այլ տեսանկյունից նայելու ու հասկանալու համար, որ, Աստված մի արասցե, եթե պատերազմ սկսվի, այն ներառելու է բոլոր ոլորտները: