Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:
Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ` ՀՀ–ում տոնական և հիշատակի ոչ աշխատանքային օրերն, ի տարբերություն միջազգային փորձի, բավականին շատ են, որոնց համար գործատուն նաև վճարում է աշխատողին։ Հատկապես իրար հաջորդող ամանօրյա տոնական օրերը գործատուների համար բնականոն գործունեությունը կազմակերպելու տեսանկյունից ստեղծում են բազմաթիվ խնդիրներ։ Ըստ նրա`ամանորյա տոնական օրերի կրճատումը տնտեսական առումով թեև ուշացած, բայց ճիշտ որոշում է։
«Եթե աշխատանքային օրենսգրքով գործատուն տոնական ոչ աշխատանքային օրն աշխատողին հրավիրում է աշխատանքի, ապա պետք է վճարի կրկնակի չափով և այդ պարագայում գործատուները կամ չեն աշխատում, կամ կրում են լրացուցիչ ծախսեր։ Դա մեծ հաշվով առաջ է բերում խնդիրներ նաև որոշ աշխատողների համար։ Դա ըստ էության ձեռնտու չէ, որովհետև նրանք, ովքեր աշխատում են գործավարձով կամ ժամավարձով, փաստացի մոտ 12-13 օր չեն գալիս աշխատանքի, չեն ունենում արդյունք և բնականաբար չեն ստանում վարձատրություն»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը խնդիր է տեսնում նաև պետության համար, քանզի բազմաթիվ ծառայություններ հունվարի առաջին տասնօրյակում նույնպես չեն աշխատում, ծավալները կուտակվում են և հետո խնդիրներ են առաջանում հանրության շրջանում պետական մարմինների այդ օրերին չաշխատելու հետ կապված։ Հետևաբար` Ավետիսյանը շատ տեղին է համարում նախաձեռնությունը, ինչի շնորհիվ Հայաստանն ավելի կմոտենա միջազգային չափանիշներին։
Տնտեսագետի համոզմամբ` ամանորյա տոների կրճատման արդյունքում հունվարի սկզբին կավելանան աշխատանքային օրերը, ինչը կբերի հավելյալ արժեքի ստեղծման և կտա նաև հարկերի ավելացման հնարավորություն։