Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք պատրաստվում ենք բարձր մակարդակի ինտենսիվ հանդիպումների, նախատեսում ենք միջոցառումների ուղեցուցային շարք առաջիկա ամիսների համար, ինչը ցույց է տալիս, որ Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական, կա մեծ դինամիկա. այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք շատ ինտենսիվ շփումների ենք պատրաստվում նաև աշխատանքային մակարդակով: Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ ենթահանձնաժողովների մակարդակով Բրյուսելում հանդիպումներ պիտի տեղի ունենան Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում (ՍԵՊԱ): Նախատեսվում է նաև այց Երևան: Երբ նայում եմ մեր միջոցառումների օրացույցին, տեսնում եմ, որ իսկապես հասել ենք այն փուլին, երբ շատ դինամիկ երկխոսություն է տեղի ունենում երկու կողմերի միջև, ինչը շատ ոգեշնչող է և հուսադրող»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ԵՄ պաշտոնյան նշեց, որ դրանք շատ բարձր մակարդակի վրա էին և բավարարում էին միջազգային չափորոշիչներին, ինչի մասին վկայում էր ընտրությունների արդյունքների բողոքարկման բացակայության փաստը:
«Իհարկե, սա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ էին, որովհետև կային որոշակի թերություններ, որոնք հիշատակվել են միջազգային զեկույցներում: Սա ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել: Որքանով հասկանում եմ կառավարության ծրագրից և խորհրդարանի ղեկավարների հայտարարություններից, Հայաստանը հստակ մտադրություն ունի արդիականացնելու և բարելավելու Ընտրական օրենսգիրքը, շարունակելու աշխատել ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Եվ մենք՝ որպես Եվրամիություն, պատրաստ կլինենք շարունակել մեր աջակցությունն ու ներգրավվածությունն այս գործընթացում»,- շեշտեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ կառավարության ծրագիրը ելակետային կետ է իրենց համար՝ հասկանալու, թե ինչպես Եվրամիությունը կարող է սատարել ՀՀ-ին տարբեր բաղադրիչների իրականացման գործում: