կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 13:35
Քաղաքական

ՀՅԴ-ն իր դիրքորոշման մեջ ազնիվ է. Գառնիկ Իսագուլյան

ՀՅԴ-ն իր դիրքորոշման մեջ ազնիվ է. Գառնիկ Իսագուլյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սահմանադրական փոփոխությունների մասին են բանավիճել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ու «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ կարևոր է, որ սահմանադրության նախագիծը ներկայացնողները կարողանան կոնկրետ ասել, թե նոր Սահմանադրության որ կետը ինչ դրական տեղաշարժ կառաջացնի ու ինչ կփոխի ժողովրդի կյանքում, ինչը չի անում հին Սահմանադրությունը, բայց երբ լսում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների ելույթները, ապա դրանք կցկտուր են, անորոշ օրինակներով լի և այլն:

Գառնիկ Իսագուլյանը մտահոգություն հայտնեց երկրորդ փուլի ու կայուն մեծամասնության վերաբերյալ, ասելով, որ այս ընտրական մեխանիզմով կայուն մեծամասնություն չի ձևավորվի, արվեցին փոփոխություններ այդ հոդվածում, այսինքն հինգ տոկոս հանրության վստահություն շահողը կարող է կայուն մեծամասնություն ունենալ ԱԺ-ում:

Գառնիկ Իսագուլյանի մտահոգություններից մեկն էլ նախագահի պաշտոնն է, այն առումով, որ իմաստ չունի պահպանել նախագահի պաշտոնը, եթե նա լայն լիազորություններ չունի: Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ իր ղեկավարած կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լսումներին:

Նա նաև կոչ արեց երեք նախագահներին հանդիպել ու քննարկել սահմանադրական փոփոխությունները: «Ես պատրաստ եմ սահմանադրական փոփոխությունները քննարկել ցանկացած մարդու հետ: Օրինակ Արթուր Բաղդասարյանին բարոյապես, ֆիզիկապես ու մարմնապես տանել չեմ կարողանում, նրան նունիսկ ծեծել չի կարելի, բայց նույնիսկ իր հետ պատրաստ եմ քննարկել այդ հարցը: Ես ուզում եմ, որ բոլորը գան մեկ ընդհանուր հայտարարի, որ գոնե հանրաքվեի լեգիտիմությունը կարողանան ապահովել»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը, ասելով, որ թեև Սերժ Սարգսյանն իր ընկերն է, բայց նրանից հրավեր չի ստացել՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները, և եթե լինի հրավեր, մեծ սիրով կմասնակցի:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակաճառեց, ասելով, որ Գառնիկ Իսագուլյանի ասածները տրամաբանության և կյանքի իրողությունների հետ ոչ մի առնչություն չունեն:Նրա խոսքով՝ ընդդիմությունը տարիներ շարունակ խոսել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի, մեկ անձի իշխանությունից ազատվելու կարևորության մասին, իսկ այդ ամենը կոչվում է կառավարման խորհրդարանական եղանակ:

Այն հարցին, թե արդյոք ընդունելի է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Դաշնակցության տեսակետը, Գառնիկ Իսագուլյանն ասաց. «Դաշնակցության դիրքորոշումը ինձ համար պարզ է, ընդունելի է և ողջունելի, որովհետև իրենք իրենց դիրքորոշման մեջ ազնիվ են»: