կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-19 11:33
Քաղաքական

Վարչապետի ամենանախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Գառնիկ Իսագուլյան

Վարչապետի ամենանախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է. Գառնիկ Իսագուլյան

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի համար անակնկալ էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելը: «Սերժ Սարգսյանին հատուկ է հեռանկարային ծրագրեր նախատեսելը, և սա բավականին հետաքրքրիր էր, որ ընտրությունը կանգնեց հենց Արմեն Սարգսյանի վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այցին Արցախ` Իսագուլյանը նշեց, որ տպավորություն է, որ Սարգսյանը, հրաշալի տիրապետում էր Արցախի թե' ներքին, թե' արտաքին խնդիրներին: Ըստ նրա` նույնը կարելի է ասել Հայաստանի մասին, այսինքն` Արմեն Սարգսյանը հրաշալի տիրապետում է նաև հայաստանյան թե' ներքաղաքական, թե' արտաքին խնդիրներին:

«Արցախում բոլորի կողմից հորդոր կար, որ նա ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը: Նա հետագա խնդիրների մեջ տեսնում է մի կարևոր հանգամանք` կրթություն, գիտություն, արվեստ», ասաց Իսագուլյանը և ընդգծեց, որ թե' գործող նախագահը, թե' թեկնածուն հանդիպման ժամանակ անդրադարձել են բոլոր խնդիրներին:

«Քննարկվել են բոլոր քննադատական խոսքերն ու առաջարկությունները, ասվեց, որ դրանց լինելու է բավականին լուրջ անդրադարձ, իսկ ինչ մնում է ասեկոսեներին, ՀՀ նախագահն էլ ասաց, որ պետք է լինել ներողամիտ և ընդունել, որ նման բաներ էլ կան մեր երկրում»,- ասաց նա:

Բանախոսը հավելեց, որ Արմեն Սարգսյանը լավագույն թեկնածուներից մեկն է, ով լուրջ նպաստ կբերի Հայաստան-Սփյուռք, Արցախ-Սփյուռք հարաբերություններում: Նա կարծիք հայտնեց, որ նախագահի թեկնածուն առաջին փուլով կընտրվի:

Վարչապետի պաշտոնի թեկնածուին անդրադառնալով` Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ ամենանախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:

Դիտարկմանը`  սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանն ասել էր, որ չի հավակնում լինել վարչապետ կամ նախագահ, նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանը նման բան չի ասել, նա ասել է` չեմ ակնկալում, իսկ դա այլ բան է»: