Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 12-18-ը Ադրբեջանը շփման գծի համարյա ամբողջ երկայնքով անցկացնում է զորավարժություններ: Ըստ նրանց տվյալների՝ մոտ վաթսուն հազարանոց խմբավորում է ներգրավված, կիրառելու են նաև ավիացիա. խոսելով Ադրբեջանի զորավարժությունների մասին լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ զորավարժություն անցկացնելիս պետություններն այդ մասին տեղյակ են պահում բոլոր միջազգային կառույցներին, հարևան պետություններին: Ամեն դեպքում որոշակի սահմանափակումներ են լինում` թե’ զորավարժության տեղի, թե’ թվաքանակի հետ կապված: Սակայն Ադրբեջանը խախտել է բոլոր չափանիշները:
Ըստ Իսագուլյանի`Ադրբեջանի զորավարժություններին նախորդել էր հայկական ԶՈւ զորավարժությունը, որը թվաքանակով, մասշտաբով ավելի փոքր էր և պարունակում էր հիմնականում ագրեսիայի դեպքում համապատասխան հակահարված հասցնելու և թշնամու ներխուժման կասեցման դրվագներ: «Զորավարժության ժամանակ ելույթ ունեցավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով հստակ մեսիջ ուղարկեց, որ ԼՂՀ-ի կողմից անցկացվող զորավարժությունները որևէ մեկի համար սպառնալիք չեն, ԼՂՀ-ն ագրեսոր չէ, բայց նաև թույլ չի տա, որ որևէ պետություն ագրեսիա դրսևորի իր նկատմամբ, նաև նշեց, որ ագրեսիա ցուցաբերելու դեպքում կտուժի միայն Ադրբեջան պետությունը` իր ժողովրդի հետ: Հաշվի առնելով, որ Ադրբեջանը կարող է գնալ ցանկացած ագրեսիայի, հատկապես` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ԼՂՀ պաշտպանության բանակը պատրաստվում է ցանկացած զարգացման` շատ ակտիվ աշխատանքներ կատարելով»,- նշեց Իսագուլյանը:
Նա նշեց նաև, որ ՀՀ նախագահը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված ուղերձում իր գոհունակությունն էր հայտնում Մինսկի խմբում ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից կատարվող աշխատանքների կապակցությամբ, մինչդեռ Ալիևի ուղերձը սկսվում էր ԼՂՀ- ով, և նա հույս էր հայտնվում, որ Թրամփը ամեն ինչ կանի, որպեսզի վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Թե ինչ է հասկանում Ալիևը` դա ասելով, նրա խնդիրն է: Մենք միշտ հայտարարել ենք, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի էլ լինելու»,- հավելեց Իսագուլյանը: