Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թող Գալուստ Սահակյանը օրինակներ բերի, թե երբ եմ ես հանդես եկել տարբեր իրավիճակներում տարբեր տրամաբանությամբ, ու վստահ եմ, որ մինչև դարերի վերջն էլ որ փնտրի, չի կարող գտնել»,- ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են հանրապետականները Գառնիկ Իսագուլյանի քննադատությունները ընկալում որպես հարված՝ ներսից:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խոսելով Գառնիկ Իսագուլյանի՝ իշխանությանն ուղղված քննադատություններին, ասել էր, որ նա մի դեպքում մի տրամաբանությամբ է հանդես գալիս, մյուս դեպքում՝ այլ տրամաբանությամբ, որ Գառնիկ Իսագուլյանին չի հաջողվելու մշտապես կատարել Ռոբերտ Քոչարյանի խոսափողի դերը:
Իսագուլյանը նշեց, որ ինքը կարող է շատ օրինակներ բերել, թե ինչպես է Գալուստ Սահակյանը մի դեպքում մի տրամաբանությամբ առաջնորդվում, մեկ այլ դեպքում՝ այլ տրամաբանությամբ, և դրա վառ օրինակը սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման հետ է կապված: Ըստ Իսագուլյանի` մինչ այդ Գալուստ Սահակյանը Մաքսային միության հետ կապված այլ կարծիք էր հայտնում, դրանից հետո՝ լրիվ այլ: Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ երբ ինքը նախագահի խորհրդական էր և գնում էր Հանրապետական կուսակցության խմբակցություն՝ քննարկման, հանրապետականներից շատերը զարմանում էին, որ իրենց ուրիշ ցուցում է տրված, իսկ ինքը հայտարարում է, որ այդ ցուցումը սխալ է:
«Երբ գնում էի ֆրակցիա, քննարկման ընթացքում մենակ Գալուստ Սահակյանն էր մնում, մյուսները փախչում էին, և մինչ ես կհասցնեի զեկուցել Սերժ Սարգսյանին, մի քանի հանրապետականներ շատ ավելի վաղ, տարբեր ուղիներով հերթ կանգնած, զեկուցում էին նախագահին: Թույլ չտան էլի, որ վերածենք անձանց միջև բանավեճի, բայց նրանցից շատերը շատ հաճախ քննարկում էին նյութ, որի մասին գաղափար չունեին»,- ասաց նա:
Իսագուլյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը եղել և մնում է իր ընկերը, բայց այդ բոլոր հանրապետականները նույն փութաջանությամբ հարձակվելու են նաև Սերժ Սարգսյանի վրա, երբ նա արդեն պաշտոն չունենա, իսկ ինքը՝ Գառնիկ Իսագուլյանը, այդ ժամանակ էլ պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: