Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր հրավիրված ասուլիսում նախ ասաց, որ երբ ինքն ինչ-որ տեսակետ ու կարծիք է հայտնում, դա բացառապես իր տեսակետն է և կապ չունի Արցախի պաշտոնական տեսակետի հետ: Նրա գնահատականով` իր ասուլիսներից հետո մեծ աղմուկ է բարձրանում, և իր տեսակետները կապում են Արցախի պաշտոնական դիրքորոշման հետ:
«Կոչեր են նույնիսկ հնչել, որ Արցախի իշխանությունները բացատրություն տան` Գառնիկ Իսագուլյանը Արցախի՞, թե՞ իր սեփական տեսակետն է հայտնում: Տեղեկացնում եմ, որ Արցախի անունից տեսակետ կարող է հայտնել միայն Արցախի նախագահը կամ նրա խոսնակը»,- ասաց Իսագուլյանը:
Այնուհետև նա անդրադարձավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Իսագուլյանի խոսքով` արդյունքները սպասելի էին: «Սպասելի էր շատ պարզ պատճառով` ՀՀԿ-ն չէր մասնակցում, բնական է` չէր լինելու այն պայքարը, որն ակնկալում էին ընտրողները: Հետո` քարոզարշավի ամբողջ ընթացքում կուսակցություններից շատերն անտեղի փորձում էին ապացուցել մի բան, որ իրենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունեն: Նրանց այս բանավեճի մեջ ներքաշող ուժը «Իմ քայլը» դաշինքն էր, որն ամենևին չամաչեց, որ իր ցուցակում կան մարդիկ, ովքերք ինչ-որ առումով առնչություն ունեն կոնկրետ անձանց հետ, ումից էդքան փորձում էին մեկուսացվել տարբեր կուսակցություններ»,- ասաց նա:
Ըստ Իսագուլյանի` այդ անտեղի պնդումները, թե կապ չունեն նախկին նախագահների հետ, ընտրողների մոտ տարակուսանք առաջացրեցին: «Դա առաջացնում է հասարակության մեջ հասկանալի հակազդեցություն, պատկերացնո՞ւմ եք` ուղտը փորձի ապացուցել, որ ինքն ուղտ չէ: Ստացվեց` ամբողջ քարոզարշավի ժամանակ ոչ թե պայքար էր գնում ուժերի միջև, այլ ուժերի և Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ստվերի միջև»,- ասաց նա:
Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ եթե գնանք խորհրդարանական ընտրությունների, և ուժերը որդեգրեն այդ ոճը, նույն արդյունքը կլինի:
Նա խոսեց այն մարդկանց մասին, որոնք ժամանակին օգտվում էին նախկին իշխանությունների «ամենատարբեր բարիքներից», իսկ հիմա գովաբանում են ներկայիս վարչապետին: «Այդ մարդիկ ժամանակին լցոնումներ են արել նախկին իշխանությունների այս կամ այն թեկնածուների օգտին, դրանով հպարտանում էին, հիմա հեռուստացույցից էլ արդեն հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանին Նոբելյան մրցանակ պետք է տալ, թե նա Հայաստանը փրկել է չարիքների: Մեկն ասի` տղա' ջան, ամենամեծ չարիքը դու ես եղել»,- նշեց Իսագուլյանը` հավելելով, որ նման տեսակի մարդկանց համար կարևոր չէ, թե ով կգա իշխանության, ըստ նրա` ով էլ գա, այդ մարդիկ նույն երգն են երգելու:
«Ես պարոն Փաշինյանին, ՔՊ անդամներին խորհուրդ եմ տալիս` էդ կարգի մարդկանց ծառայություններից օգտվել պետք չէ: Նրանք նախկին նախագահների մոտ աշխատելու ժամանակ ստորաքարշություն են արել ամենավերջին աստիճանով: Ես ինձ ստորացված կզգամ, եթե այս պահի դրությամբ նախկին նախագահների հասցեին նույն բաներն ասեմ, ինչ-որ ասում են մարդիկ, ովքեր օգտվել են մյուսների իշխանության օրոք ամենատարբեր բարիքներից: ՔՊ-ականներն ուրախանում են, որ իրենց այդպիսի պաշտպանողներ կան, փոխանակ ասեն` մեզ ձեր օգնությունը պետք չէ: Ես չեմ ամաչում, որ ժամանակին եղել եմ ամենախիստ քննադատը, և այսօր ասում եմ, որ և' Քոչարյանը, և' Սերժ Սարգսյանն իմ ընկերներն են: Այո, ես մինչև վերջ պաշտպանելու եմ նրանց այն հարցերում, որտեղ տեսնում եմ, որ գործող իշխանությունները վարվում են անարդարացի»,- եզրափակեց Իսագուլյանը: