Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի պետական համալսարանում ընթանում է Վենետիկի հանձնաժողովի հանդիպումը Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու կազմակերպությունների հետ: Քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հանդիպմանը ներկայացել են ՀՅԴ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներ:
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակումը երկարատև ու շարունակական գործընթաց է եղել, և հիմա այն փուլում են, որ արդեն քննարկել են հրապարակված նախագծերը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:
«Վենետիկի հանձնաժողովի նպատակն է ժողովրդավարության և իրավունքի գերակայության խթանումը, մենք այստեղ ենք, որ լսենք ձեր ձայնը: Մենք քաղաքական գործիչներ չենք, այլ` իրավաբաններ, մենք վերլուծում ենք և տալիս խորհրդատվություն: Ձեր խնդիրն է այն ընդունել կամ ոչ, որովհետև Սահմանադրությունը, սովորաբար, համաձայնություն է Հայաստանի հանրության և իշխանությունների միջև»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց Վենետիկի հանձնաժողովին` նախ ասելով, որ ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է, որը սահմանադրական փոփոխությունների հակառակորդն է ու ընդդիմախոսը: «Մենք դեմ ենք, որովհետև գիտակցում ենք, թե այդ սահմանադրական փոփոխությունն ինչ նպատակ է հետապնդում. միակ նպատակը Սերժ Սարգսյանի կողմից երրորդ անգամ ընտրվելու արգելքը շրջանցելն է: Ռեժիմը ստեղծում է այնպիսի խաղի կանոններ, որ ոչ ոք չկարողանա այն փոխել, իսկ այդ խաղի կանոնները բխում են իշխանությունների քաղաքական շահերից: Մեր երկրում ընտրությունները կեղծվում են, և իշխանությունները կարող են իրենց վերարտադրությունը ապահովել ցանկացած միջոցներով, և հիմա իշխանությունները ցանկանում են վերացնել երրորդ անգամ ընտրվելու արգելքը: Արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովն իրականում գիտի սահմանադրական փոփոխությունների իրական նպատակների մասին, որը հետապնդում է իշխանությունը»,- հարցրեց նա:
Պատգամավորը նաև բարձրացրեց վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում վարչապետի նշանակման հարցը: Դա արվում է ԱԺ նախագահի կողմից: «Ես չգիտեմ որևէ խորհրդարանական համակարգ, որտեղ որևէ նման կարգ գոյություն ունի: Առաջարկվում է բացառիկ դրույթ, որը բացառիկ լիազորություն է տալիս ԱԺ նախագահին, իսկ դուք դրա մասին չեք էլ խոսել: Սա պատահական չէ արված, այսինքն` պատահական բնույթ չի կրում, իրականում ԱԺ նախագահը ստանում է մեծ լծակներ, լուրջ կշիռ: Ըստ ձեզ` կարո՞ղ է կառավարման ձևի փոփոխությունն արվել այնպես, որ այն ծառայի իշխող կուսակցության նպատակներին: Նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հայաստանում չկա քաղաքական կոնսենսուս, երբ մի քանի կուսակցություն միավորվեցին ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, նրանց հանդեպ սկսվեցին ահաբեկչական գործողություններ: Եվ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը լսեց Սերժ Սարգսյանի կողմից հետևյալ խոսքերը. «Քաղաքական կյանքը կրկես չէ, Դուք պետք է դադարեք զբաղվել քաղաքականությամբ»: Արդյունքում` Գագիկ Ծառուկյանը թողեց քաղաքականությունը, կուսակցությունների միությունը լուծարվեց քաղաքական տեռորի արդյունքում: Սա՞ է համաձայնություն ստեղծելու միջոցը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը պատասխանեց. «Մեր գործը, որպես իրավաբան, այն չէ, որ մենք մեկնաբանենք քաղաքական գործընթացները, քաղաքական կոնսենսուսի ձևավորումը մեր խնդիրը չէ, մենք իրականում չունենք այդ գիտելիքները և տեղեկատվությունը, որ գնահատենք դա: Մենք չենք կարող պատասխանել ձեզ, որովհետև չունենք տեղեկատվություն և մասնագիտական կարողություններ` այդ հարցերին պատասխանելու համար: Ամեն դեպքում` Ձեր բարձրացրած կարծիքը հաշվի կառնվի»: