Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի կոչը արտերկրում բնակվող հայերին և իրականությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերի ժամանակ կոչ էր անում արտերկրում բնակվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր ժամանակին ցանկություն էին հայտնել մասնակցելու, այսպես կոչված, «Թավշյա հեղափոխությանը» և չէին կարողացել գալ Հայաստան էժան տոմսեր գնել և ապրիլի սկզբին գալ Հայաստան ու «այո» ասել իր իսկ նախաձեռնած ՍԴ-ի վերաբերյալ Սահմանադրությունում փոփոխություններ անելու հանրաքվեում:
Համերգի ժամանակ ուղիղ եթեր մտած պարոն վարչապետը, նախ, բացահայտեց սեփական վախերը, որ Հայաստանում կարող է այնքան «այո» չհավաքել և ձախողվել, այդ իսկ պատճառով էլ դիմում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնությանը:
Պարոն Փաշինյանը պատահական չի դիմում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնությանը: Նա շատ լավ գիտի, որ սփյուռքահայերի հետ միասին այս կատեգորիայի մարդիկ իր հիմնական մոլի երկրպագուներն են սոցցանցերում:
Սակայն պարոն Փաշինյանը մի բան է մոռանում: Արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը Հայաստանը սիրում են հեռավորության վրա և բացարձակ ցանկություն չունեն հետ վերադառնալ հայրենիք. նրանք Հայաստանը և հատկապես Փաշինյանին գերադասում են սիրել հեռվից: Ժամանակին այդ մարդկանց մեծ մասը լքելով Հայաստանը տարբեր խաբկանքների դիմելով (քաղհալածյալներ, համասեռամոլներ, Հայաստանից փախած ադրբեջանցիներ և այլ պատրվակներով) ապաստան են ստացել եվրոպական երկրներում, դասավորել են այնտեղ իրենց կյանքը և չնայած մեծ խանդավառությամբ ընդունեցին 2018 թ-ի իշխանափոխությունը Հայաստանում, բայց այդպես էլ այս երկու տարվա մեջ, գոնե իմ ծանոթներից որևէ մեկը, ով ապրում է արտերկրում, չվերադարձան Հայաստան, քանի որ շատ լավ գիտեն՝ Ֆրանսիայից, Գերմանիայից կամ այլ եվրոպական երկրից Հայաստան վերադառնալուց հետո 99,9 տոկոսով նրանց հետ վերադառնալը անհնարին է: Իմ ծանոթներից շատերը, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը այս տարիներին ձեռք են բերել այդ երկրների քաղաքացիություն և բնավ նպատակ չունեն ոչ միայն հետ վերադառնալ, այլև ներդրումներ անել Հայաստանում:
Ամեն դեպքում, պարոն Փաշինյանի կոչը՝ արտերկրում բնակվող հայերին գալ Հայաստան և «այո» ասել իր կազմակերպված հանրաքվեում ուտոպիա է և ինքնախաբեություն: Մեր այդ կատեգորիայի հայրենակիցների ստվար մեծամասնությունը հեռվից մեծ հաճույքով Փաշինյանին կաջակցի՝ սոցցանցերում վերջինիս ընդդիմախոսներին հղելով իրենց այլանդակ հայհոյանքները, անեծքները, տգետ մեկնաբանությունները: Բայց ոչ դրանից ավելին: Իրենք սիրում են Փարիզից, Բրյուսելից, Լիոնից, Մարսելից, Պրահայից, Համբուրգից, Մյունխենից, Ամստերդամից և այլ քաղաքներից Հայաստանում մնացած իրենց հայրենակիցներին խելք խրատ տալ, բայց երբեք չգալ իրենց նախկին բնակավայրեր՝ Գյումրի, Երևան, Վանաձոր, Կապան, Էջմիածին և այլ քաղաքներ և գյուղեր, որտեղից փախել կամ մեկնել են Եվրոպա:
Հ.Գ. Տեսնես Փաշինյանի հետ վերջինիս եվրոպական վոյաժների ժամանակ հանդիպած քանի՞ էքստազի մեջ հայտնված և Փաշինյանին օվացիաներով ողջունած քանի հայաստանցի է վերադառնալու վարչապետի կոչով Հայաստան»: