Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող ռեժիմն այս երկիրը հասցրել է մի այնպիսի անելանելիության վիճակի, որ շատերն այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղական միջոցներով այս երկիրը ռեժիմից ազատելը. անդրադառնալով երեկ Շանթ Հարությունյանի նախաձեռնած «հեղափոխությանն» ու դրա հետեւանքով առաջացած սուր իրավիճակին` այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Երեկվա իրադարձություններում ՀԱԿ ներկայացուցիչն առաջին հերթին մեղադրում է հենց իշխանություններին` ի դեմս Սերժ Սարգսյանի:
Նա համոզմունք հայտնեց, որ երբ կեղծվում են ընտրությունները, երբ փակում են սահմանադրական ճանապարհով իշխանափոխության ճանապարհները, երբ սահմանափակվում են մարդկանց աշխատելու, ինքնադրսեւորվելու եւ էներգիան արտահայտելու բոլոր ճանապարհները, պետք չէ զարմանալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կդիմեն ամենածայրահեղ քայլերի:
«Սա կարող ենք համարել այսօրվա ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումը»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ի մեկ այլ գործիչ` Վահագն Խաչատրյանն էլ հավելեց, որ իշխանությունն, իրոք, ժողովրդին հասցրել է մի այնպիսի վիճակի, որ ժողովուրդն ունակ է ծայրահեղ քայլերի դիմել, միայն թե երկրում մի բան փոխվի:
Լեւոն Զուրաբյանը նշեց, թե երեկ Ազատության հրապարակից ու Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկվել մարդիկ, ովքեր որեւէ հակաիրավական գործունեություն չեն իրականացրել: Նա կարծիք հայտնեց, որ երեկվա դեպքերի արդյունքում ձերբակալությունները եղել են թիրախավորված, ու ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել այն մարդիկ, ովքեր ակտիվ են եղել հասարակական գործընթացներում:
«Մենք ճշտեցինք այն մարդկանց անունները, ովքեր հակաիրավական գործողություններ չեն իրականացրել, բայց բերման են ենթարկվել, ու այդ ցուցակը ներկայացրեցինք բաժանմունքի պետին: Նա բարեհամբյուր էր ու պատրաստակամ` իրավիճակը շտկելու: Բայց երբ բաժանմունք եկավ ոստիկանապետը, իրավիճակը կտրուկ փոխվեց: Մեր հարցերին արդեն պատրաստակամությամբ չէին պատասխանում, անորոշություն կար եւ այլն»,- պատմեց Լեւոն Զուրաբյանը եւ նշեց, որ նման պայմաններում իրեն ու իր հետ ոստիկանություն գնացած ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին այլ ելք չի մնացել, քան ոստիկանապետի հետ հանդիպում պահանջելը:
Ըստ Զուրաբյանի` նույնիսկ սահմաններն անցնող համառությունից հետո իրենց հաջողվել է հանդիպել ոստիկանապետի հետ եւ նրան փոխանցել հակաիրավական գործողություն չկատարած 11 մարդկանց ցուցակը:
«Իմ տեղեկություններով` բոլորը, ովքեր որեւէ հակաիրավական գործողություն չէին իրականացրել, ազատ են արձակվել: Մենք չենք կարող հանդուրժել որեւէ մեկի ձերբակալությունը եթե չկա 100 տոկոսանոց ապացույց, որ այդ մարդը կատարել է հանցագործություն»,- այս կապակցությամբ նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ եթե Շանթ Հարությունյանին կալանավորեն, ապա Հայաստանում դարձյալ քաղաքական բանտարկյալ կլինի, Զուրաբյանը պատասխանեց, թե մարդուն քաղաքական բանտարկյալ ճանաչելու համար անհրաժեշտ է հինգ գործոն: Ներկայիս իրավիճակը, ըստ նրա, խճճված է: «Չենք կարող ասել, որ որեւէ հակաիրավական գործունեություն չի կատարվել: Այս դեպքում գնահատականները կամաց-կամաց կտրվեն, բայց մի բան կարող եմ հստակ ասել, որ մենք հետեւելու ենք, որ հինգ չափանիշները չխախտվեն»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը` հավելելով, որ նույնիսկ եթե մարդուն առաջադրվում է քրեական մեղադրանք, բայց նրա նկատմամբ դատարանը կիրառում է ոչ իրավաչափ վճիռ, այդպիսի մարդիկ նույնպես Եվրոպայում դիտարկվում են որպես քաղբանտարկյալներ: